Դայակ՝ պետության հաշվին. ո՞ր դեպքերում է պետությունը կիսում ծնողի ծախսը. Armeniasputnik.am

Լուրեր

Ձեր երեխային խնամում է դայակը, իսկ նրա գումարի մի մասը վճարում է պետությունը։ Սա այն դեպքում, եթե մայրիկը երեխայի խնամքի արձակուրդում է և ցանկանում է վերադառնալ աշխատանքի։

«Դայակ պետության հաշվին» ծրագրի առաջին իսկ տարում պահանջարկն ու դիմողների թիվն այնքան մեծ էին, որ նախատեսված 200 անձի փոխարեն ֆինանսավորում տրամադրվեց 474-ին։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է «Դայակ պետության հաշվին» ծրագրի շահառու կանանց հետ՝ փորձելով պարզել ծրագրի առավելություններն ու վեր հանել առկա խնդիրները։ 

Սոնա Ռևազյանը ծրագրի մասնակից է դարձել այս տարի։ Ասում է, որ այս աջակցությունը միանշանակ պետք է ծնողին. այն որոշակիորեն թեթևացնում է ամենամսյա ֆինանսական բեռը, բայց ծրագիրը որպես այդպիսին` անթերի չէ։ 

«Ես իմ դայակի հետ պայմանագիր եմ կնքել. իր ամսական աշխատավարձը 110․ 000 դրամ է։ Պետությունն ինձ հետ կիսում է այդ ծախսը՝ ամեն ամիս վճարելով 55․000 դրամ, որից 25․300 դրամը դայակը պետք է վճարի որպես եկամտահարկ»,- պատմում է Սոնան։ 

Նա նշում է, որ այս դեպքում դայակի եկամտահարկի վճարումն ինքն է կատարում, հետևաբար, պետության փաստացի փոխհատուցած գումարը դառնում է 29․700 դրամ։ Եկամտահարկից բացի, ևս մեկ խնդիր կա՝ ծրագրի շրջանակում դայակի գումարի կեսը փոխհատուցվում է մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, մինչդեռ մանկապարտեզներում երեխաներին ընդունում են երեք տարեկանից։ Ամեն մանկապարտեզ չէ, որ ունի 0-3 տարեկան երեխաների համար նախատեսված կրտսեր խումբ (մսուր), հետևաբար, 2-ից հետո մինչև 3 տարեկանը լրանալը ծնողը կրկին խնդրի առջև է հայտնվում։ Սոնան նշում է, որ այնքան էլ հեշտ չէր նաև դայակ գտնելը։ 

Ոմանք հրաժարվում էին՝ իմանալով, որ վճարումը պետք է անկանխիկ կատարվի, կամ էլ, որ աշխատանքային պայմանագիր կնքելը պարտադիր է։ Նշենք, որ ծրագիրը թույլ է տալիս որպես դայակ հանդես գալ երեխայի տատիկին, սակայն միայն այն դեպքում, եթե նրանք գրանցված չեն նույն հասցեում: «Դայակ պետության հաշվին» ծրագրից առաջիններից մեկն է օգտվել նաև Կարինե Քիշմիրյանը. նա երեք երեխաների մայր է։ Երկու երեխաների դեպքում միայնակ է դայակի ֆինանսական բեռը կրել, իսկ երրորդի խնամքի համար արդեն պետության աջակցությունն ունի։ 

«Փոխհատուցվող գումարը մեծ չէ, բայց իհարկե որոշակի օգնություն է ծնողի համար, թեև ծրագիրը որոշ թերություններ ունի, օրինակ` թղթաբանությունը»,-նշում է Կարինեն։ Նա խոստովանում է, որ իր դեպքում դա այնքան էլ բարդ չի եղել, որովհետև պետական համակարգում է աշխատում, սովոր է թղթաբանական քաշքշուկներին, իսկ շատ ծնողների համար դա իսկապես խնդիր է։ Կարինեն հավելում է նաև, որ վատ չէր լինի վերանայել փոխհատուցվող գումարի չափը։ 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ