Անպտղության խնդիր ունի Հայաստանում յուրաքանչյուր 7-րդ զույգը․ ampop.am

Լուրեր

ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 2018թ․գրանցվել է ավելի քան 3000 կնոջ անպտղություն, որոնցից 1205-ը հայտնաբերվել է տվյալ տարում։

Վերջին տասը տարիների ընթացքում կանանց մոտ գրանցված անպտղության թիվը Հայաստանում աճել է 19%-ով։

Սակայն միայն գրանցված անպտղություն ունեցող կանանց թվով Հայաստանում անպտղության առկա վիճակի ամբողջական պատկերը հստակ չէ։

Ավելի վաղ՝ 2014թ․կատարված հարցումների արդյունքներով կանանց անպտղությունը կազմել էր 14.9%, տղամարդկանցը՝ 9,5%։ Հայաստանն իր այս ցուցանիշներով մոտ էր համաշխարհային միջին ցուցանիշին` 15%-ին։

 

Առաջնային անպտղություն է համարվում, երբ զույգը չի կարողանում երեխա ունենալ՝ 1 տարի կանոնավոր սեռական հարաբերությունների արդյունքում: Որպես հիմնական պատճառ նշվում է ֆիզիոլոգիական ֆունկցիաների խանգարումը։

Իսկ երկրորդային անպտղությունը դիտվում է այն ժամանակ, երբ զույգը երեխա է ունեցել կամ կինը հղի է եղել, սակայն դրանից հետո 2 տարի շարունակ կինը չի հղիացել՝ կանոնավոր սեռական հարաբերությունների դեպքում: Այս դեպքում, մասնագետները ասում են, որ պատճառները կարող են սեռավարակները կամ աբորտները լինել։

Անդրադառնալով Հայաստանում անպտղության պատճառներին՝ «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի աշխատակից Անի Գասպարյանը նշում է երկու պատճառ․ «Մեզ դիմում են փողերի անանցանելիության հետ կապված խնդիրներով, որոնք առաջանում են սեռավարակների պատճառով։ Մյուս պատճառը տղամարդու սերմնահեղուկի որակի ցածր լինելն է», – ասում է Գասպարյանը։

Որպես երրորդ պատճառ նա նշում է տարիքային գործոնը, երբ կնոջ տարիքը մեծ է լինում։ Գինեկոլոգ-մանկաբարձն ասում է, որ հասարակության շրջանում դեռ շարունակում է դոմինանտ լինել այն բարդույթը, թե կնոջ մեղավորությամբ է, որ զույգերը երեխա չեն ունենում։ «Բայց նաև առաջընթաց կա։ Եթե նախկինում տղամարդկանց չէինք կարողանում համոզել հետազոտվել, հիմա շատ ավելի հեշտ է։ Իհարկե կան ամուսիններ, որոնք կտրականապես հրաժարվում են, համոզված են, որ կինն է չբեր, եթե երեխա չեն ունենում։ Նման դեպքերում փորձում ենք որքան հնարավոր է աշխատել տղամարդու հետ»,-ասում է նա։

Անպտղությունը, կախված պատճառներից, տարբեր բուժումներ ունի՝ սկսած դեղորայքային բուժումից մինչև արհեստական և արտամարմնային բեղմնավորում:

Սովորաբար զույգերն ավելի մեծ ակնկալիքներ են ունենում արտամարմնային բեղմնավորման արդյունքներից։ Ըստ Գասպարյանի՝ մարդիկ կարծում են, որ, եթե արտամարմնային բեղմնավորում է կատարվում, ապա անպայման հղիություն է լինելու, մինչդեռ հղիանալու հավանականությունն ընդամենը 35% է։ Սա հասկանալի է, քանի որ զույգերի՝ երեխա ունենալու ցանկությունը մեծ է․

«Մեզ մոտ գալիս են այն պացիենտները, որոնք երկար ժամանակ է այս խնդրով տառապում են, այսինքն՝ նրանց հոգեվիճակը բավական ծանր է։ Այդ կանանց հետ աշխատում է մեր կենտրոնի հոգեբանը։ Հաճախ, երբ կնոջ հոգեվիճակը լավանում է, ինքնուրույն հղիություն է զարգանում»։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ