Կփակվեն նաև Արագած, Արտենի, Ծաղկահովիտ և Արծվաբերդ համայնքների ծննդատները, որոնք ավելի քան 30 գյուղ են սպասարկում. Tert.am

Լուրեր

Tert.am-ի տեղեկություններով՝ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել փակել ոչ միայն Մարալիկի ծննդատունը, այլև Արագածոտնի մարզի Արագած, Արտենի, Ծաղկահովիտ համայնքների և Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի ծննդատները:

Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով՝ ծննդատունը փակելու որոշումը հիմնավոր չէ, որոշ հանգամանքներ հաշվի չեն առնվել: «Համայնքում բնակլիմայական պայմանները շատ վատն են: Խնդրել ենք մեր համայնքի ծննդատունը բացառության կարգով չփակել: Սպասարկում ենք 22 գյուղ, որոնցում հաճախ ճանապարհները փակ լինելու խնդիր է լինում, դեպք է եղել, որ ծննդկանի տեղափոխումը ԱԻՆ-ի օգնությամբ է կատարվել: Փակելու դեպքում մի օր փորձանք կլինի»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ նախարարությունից դիմումի պատասխանը հավանաբար կստացվի մինչև այս շաբաթվա ավարտը: 

Նրա խոսքով՝ ծննդատանը տարեկան միջինում 60 ծնունդ է լինում: Ըստ Հակոբյանի՝ համաձայն են, որ ծնունդների թիվը մեծ չէ, բայց Ծաղկահովիտի դեպքում փակման որոշումն էլ ճիշտ չեն համարում: Հակոբյանը խնդրահարույց համարեց նաև, որ ծննդատան փակման դեպքում դրա 4 աշխատակիցներն անգործ կմնան: «Հղիները Ծաղկահովիտում կկարողանան խորհրդատվություն ստանալ, կվարի բժշկուհին, բայց հարց է՝ նա կցանկանա՞ աշխատել, թե՞ ոչ, քանի որ այդ դեպքում նաև աշխատավարձն է կրճատվելու, և չգիտենք՝ նրան ձեռնտու կլինի՞ աշխատել»,-ասաց տնօրենը՝ նշելով նաև, որ գյուղում ծննդատան փակման լուրը բացասական են ընդունել նաև բնակիչները: 

Հիշեցնենք, որ արդեն փակվել են Շիրակի մարզի Մարալիկ համայնքի և Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ծննդատները։ Արտենիի առողջության կենտրոնի տնօրեն Վարուժան Հակոբյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ծննդատան փակման մասին ընդամենը 4 օր առաջ են տեղեկացել, մինչդեռ պետք էր նախապես տեղեկացնել, գրավոր ծանուցել: «Միայն պետպատվերի հայտի բացասական պատասխանն ենք ստացել, որ ֆինանսավորում չի լինելու»,-նշեց նա: 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ