«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը

Լուրեր

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը։ Այս մասին հայտնում են «Էրեբունի» ԲԿ–ից։

Մասնավորապես օրերս «Էրեբունի» ԲԿ ծննդատուն այլ բուժհաստատությունից ուղեգրվել էր 37 շաբաթական հղի՝ արգանդի կրկնակի սպիով, արյունը՝ ռեզուս բացասական:

Հղիին ընդունել և առաջնային բուժզննումը կատարել էր «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը: Կատարված անհրաժեշտ հետազոտությունները ցույց էին տվել, որ հղիի արյան մեջ կա հակամարմինների բարձր տիտր, իսկ պտուղը գտնվում էր դիսթրես վիճակում, ամեն րոպեն երեխայի համար կարող էր ճակատագրական լինել: Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի հետ խորհրդակցելուց հետո ԲԿ աշխատակիցները որոշվել էին անհետաձգելի կարգով կատարել կեսարյան հատում: Այն իրականացրել է Էդիտա Ղարիբյանը։

Արդյունքում ծնվել է 2950 գրամ քաշով տղա երեխա: Երեխայի վիճակը ծնվելիս գնահատվել է ծայրահեղ ծանր եւ նա տեղափոխվել է նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ կատարվել են մի շարք հետազոտություններ եւ ախտորոշվել նորածնի հեմոլիտիկ հիվանդության ամենածանր այտուցային ձևը, որի ժամանակ տարբեր օրգաններում հավելյալ հեղուկի կուտակում է լինում: Այս դեպքում հեղուկը կուտակված էր թոքերում, որովայնի խոռոչում, ինչպես նաև ամբողջ մարմնի վրա կային տարածուն այտուցներ, երեխան ուներ խիստ արտահայտված սակավարյունություն:

Ծանր շնչառական անբավարարության պատճառով նորածնին միացվել է թոքերի արհեստական շնչառության սարք: Կյանքի 3-րդ ժամում կատարվել է արյան փոխներարկում՝ 5 ժամ տեւողությամբ: Փոխվել է երեխայի արյան երկու ծավալ:

Հիվանդության ծանրագույն ընթացքը պահանջում էր այս միջամտույթյունը կատարել ևս երեք անգամ, ինչն էլ իրականացվել է:

Հեմոլիտիկ հիվանդության այս ձեւի ախտորոշման դեպքում դրական ելքերի հավանականությունը խիստ ցածր է. աշխարհում գրանցվում է 90 տոկոս մահացություն: Սակայն «Էրեբունի» ԲԿ ծննդատան թիմային աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ինչպես արագ կողմնորոշվել եւ կատարել կեսարյան հատումը, այնպես էլ լուրջ աշխատանք կատարել երեխայի կյանքը փրկելու ուղղությամբ: Այժմ փոքրիկը ապաքինմամբ դուրս է գրվել, առողջական խնդիրներ չունի:

Գովազդ