Ինչպե՞ս ընդունվել «Թումո». դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերը, դասընթացի ժամերն ու տևողությունը

Եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան հաճախի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, սակայն չգիտեք՝ ինչպես պետք է գրանցել նրան ընդունելության համար, ապա այս հոդվածը Ձեզ համար է։

 «Թումո» ընդունվելու ընթացակարգի, անհրաժեշտ փաստաթղթերի մասին «Իմ Փոքրիկ»-ը զրուցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ինֆորմացիոն վահանակի և գրանցման բաժնի կոորդինատոր Էլլա Գիլոյանի հետ։ 

«Թումո» ընդունվելու միակ նախապայմանը տարիքն է։ Եթե ձեր երեխան 12 տարեկան է կամ դեռևս չի լրացել նրա 19 տարեկանը, ապա կարող եք դիմել ընդունելության համար։ Գրանցման համար կա հատուկ ընթացակարգ։ Այն կատարվում է երկու փուլով: Նախևառաջ պետք է հերթագրել երեխային: Որոշ ժամանակ անց (միջինը 2 ամսվա ընթացքում) երեխայի ծնողները ստանում են Թումոյի կողմից հաղորդագրություն, որտեղ նշված է լինում երեխայի գրանցման օրն ու ժամը: Նշված օրը՝ նշված ժամին, երեխան պետք է ներկայանա ծնողի հետ, որպեսզի կատարվի վերջնական գրանցում:


Գրանցման համար անհրաժեշտ է 2 փաստաթուղթ՝

  • երեխայի ծննդյան վկայականը
  • ծնողի անձնագիրը 

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ուսումնական ընթացքը բաղկացած է երեք մակարդակից՝

  • առաջին մակարդակն ինքնուսուցման մակարդակն է: Երեխաները ծանոթանում են Թումոյի առաջարկած բոլոր 14 ոլորտներին:
  • երկրորդ մակարդակում  սանն ընտրում է 6 ոլորտ, որոնք նա ցանկանում է ավելի խորացված ուսումնասիրել և որոնցում ցանկանում է գործնական գիտելիքներ ստանալ:
  • երրորդ մակարդակը հատուկ դասընթացների մակարդակն է, երբ երեխաները մասնակցում են արտասահմանյան հայտնի մասնագետների կողմից կազմակերպված ծրագրերին


Ուսուցման առաջին մակարդակում երեխան հաճախում է շաբաթական մեկ անգամ, երկրորդ մակարդակում՝ շաբաթական երկու անգամ: Իսկ արդեն երրորդ մակադակում գրաֆիկը ճկուն է՝ կախված ինչ ծրագրի է մասնակցում և ինչ ժամկետներում:

Ուսումնական մակարդակների տևողությունը հստակ սահմանված չէ, տևողությունը կախված է երեխայից։ Առաջին մակարդակը տևում է մոտ 2-3 ամիս։ Առաջին մակարդակում երեխաներին օգնում են դասընթացավարները, որոնք տեղեկացված են բոլոր մյուս ոլորտներից: Դասերի տևողությունը 1 ժամ 30 րոպե է։

Երկրորդ և երրորդ մակարդակներում խմբերը մինչև 36 աշակետ-ուսանողից են բաղկացած։  Պարապմունքերի մեկնարկն աշխատանքային օրերին 15։30-ին, 17։15-ին և 19-ին է, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ առավոտյան 9-ից։

Ծնողներին շատ հաճախ անհանգստացնում է տրանսպորտի խնդիրը։ Էլլա Գիլոյանն ասում է, որ այդ առումով խնդիրներ չեն եղել, քանի որ բազմաթիվ երթուղայիններ են հասնում այնտեղ։ 

Ի դեպ, «Թումո»-ում ուսումն անվճար է:

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան