Ե՞րբ է սկսվում աղջկա ու տղայի սեռահասունացումը, ի՞նչ է կատարվում նրանց օրգանիզմում և որքա՞ն ժամանակ է տևում. ներկայացնում է մանկաբույժը

Լուրեր

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցի հետ։

-Ե՞րբ է աղջիկների մոտ սկսվում սեռահասունացումը։

-Սեռահասունացման տարիքը, ավելի վաղ ժամանակների համեմատ, ենթարկվել է փոփոխությունների. աղջիկների մոտ միջին տարիքը 10 տարեկանն է, բայց սեռական հասունացման նշանները կարող են ի հայտ գալ 8 տարեկանից: Աղջիկների մոտ հիմնականում բոլոր նշանների ի հայտ գալը պայմանավորված է էստրոգենների ազդեցությամբ: Առաջին նշանը կրծքագեղձերի մեծացումն է, երկրորդը՝ մազակալումը, որը սկսում է, նախ, ցայտքի շրջանում, այնուհետև՝ թևատակերին: 3-րդ նշանը ձվարանների և արգանդի մեծացումն է: Առաջին նշանների ի հայտ գալուց մոտ երկու տարի անց կարող է սկսվել մենստրուալ ցիկլը։ Սկսվելուց երկու տարի հետո այն կարող է լինել խիստ անկայուն, ինչը նշանակում է՝ ցիկլը կարգավորված չէ: Այն կարգավորվում է առաջին 2-3 տարիների ընթացքում: Եվ երկու սեռերի համար կան ընդհանուր սիմպտոմներ՝ քրտինքի հոտի փոփոխություն, դեռահասային ակնե: Այս երկու նշանները պայմանավորված են անդրոգենների ազդեցությամբ:

 

-Իսկ տղաների մոտ ե՞րբ է սկսում սեռահասունացումը։

- Տղաների մոտ 10 տարեկանից կարող են նկատվել սեռահասունացման առաջին նշանները, իսկ միջինում տարիքը 10-15-ն է: Սեռական հասունացման գլխավոր դերը պատկանում է հորմոնալ համակարգին․ տղաների մոտ իջնում է գոնոդատրոպ հորմոնի մակարդակը, բարձրանում է տեստոսերոնը և նպաստում է սեռական հասունացման նշանների ի հայտ գալուն: Առաջինը մազակալումն է, այն հիմնականում առաջանում է աճուկային շրջանում, թևատակերին, դեմքին: Տղաների մոտ սկսվում է ակտիվ աճ՝ մեկ տարում մինչև 15-20 սմ: Ակտիվորեն մեծանում են նրանց ձեռքերը, ոտքերը, սեռական օրգանները: Մյուս նշանը ձայնի փոփոխությունն է, ձայնը խռպոտանում է, ցածրանում է տեմբրը: Մեկ այլ դրսևորում էլ ադամախնձորի առաջացումն է պարանոցի հատվածում, առաջանում է հետաքրքրությունն հակառակ սեռի հանդեպ: Սեռական հասունացման սկզբից 1-1.5 տարի անց տղաների մոտ լինում է սերմնաժայթքում քնած ժամանակ:

 

-Վարքի տեսանկյունից ինչպիսի՞ փոփխություններ են տեղի ունենում։

- Վարքի հետ կապված՝ երեխաները բավականին փոխվում են: Անցումային տարիքը ենթադրում է անցում մանկական տարիքից պատանեկանի։ Հենց այդ շրջանում ձևավորվում է երեխայի սեփական ԵՍ-ը, անհատականությունը: Երեխան իրեն ընկալում է որպես հասարակության լիարժեք անդամ: Այս փուլում երեխան փորձում է իր վարքագծով նմանակել մեծահասակներին: Որոշներն այդ տարիքում սկսում են օգտագործել ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր, սկսվում են սեռական վաղ հարաբերությունները: Այս տարիքում շատ են լինում վարքագծային շեղումները, ինչը մեծահասակներին ընդօրինակելու հետևանք է։ Այս տարիքին բնորոշ է էմոցիանալ տեսնակյունից վարքագծային փոփոխությունը, նրանք դառնում են շատ հուզական, բռնկվող: Կտրուկ փոփոխություններ կարող են լինել՝ մեկ կարող են դրսևորվել որպես ինտրովերտ, մեկ՝ էքստրովերտ, այսինքն՝ մեկուսանան, դառնան ինքնամփոփ կամ միանգամից սկսեն շատ ակտիվ լինել, շփվել հաճախակի:

 

-Ծնողը հատկապես ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի այդ շրջանում և խորհուրդներով օգնի երեխային։

-Քանի որ այս շրջանում մեծանում են դեռահասներից ակնկալվող պահանջները, սկսում են մեծ սպասելիքներ ունենալ երեխաներից: Ընտանիքը պահանջում է գերազանց վարք, գերազանց գնահատականներ, դպրոցում ևս պահանջը մեծանում է, սակայն նրանք դեռևս այդքան չեն կարողանում բավարարել պահանջները, ինչը երեխայի մոտ առաջացնում է վարքագծային արտահայտված շեղումներ: Սկսում են իրենք իրենց թերագնահատել կամ նույնիսկ գերագնահատել: Ընտանիքի դերը կարևորվում է հենց այստեղ. պետք է ըմբռնումով մոտենալ, խոսել նրա հետ, զգուշացնել հնարավոր վտանգների մասին։ Երեխան պետք է ամեն ինչից տեղյակ լինի, այդ թվում՝ սեռական հասունացման հետ կապված խնդիրներից, օրինակ՝ ի՞նչ է սպասվում աղջիկներին, պետք է մանրամասն բացատրել ցիկլի սկիզբը, առանձնահատկությունները, ի՞նչ է օրգանիզմում կատարվում: Երեխաները պետք է նման հարցերում լինեն գրագետ ու տեղեկացված: Շատ կարևոր է, որ ընտանիքում լինի նորմալ մթնոլորտ, երեխան մեծանա հարմոնիայի մեջ, այսինքն՝ չտեսնի վեճեր, բռնություններ։ Միաժամանակ պետք է խրախուսել երեխայի ցանկացած լավ արարք, չքննադատել, խիստ չլինել բացթողումների և վատ արարքների դեպքում, հնարավորինս բացատրել դրանցից խուսափելու մեթոդները:

 

-Կա՞ն ազդանշաններ, որոնցով ծնողը կհասկանա, որ բժշկի դիմելու անհրաժեշտություն կա։

-Եթե սեռական հասունացման նշանները սկսվում են նշածս ժամկետներից շուտ, օրինակ՝ 6-7 տարեկանում մայրն աղջկա մոտ նկատում է կրծքագեղձի մեծացում, մազակալում և սեռական հասունացման այլ նշան (նույնը նաև տղաների դեպքում), պետք է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի բացառվի շատ լուրջ հիվանդությունների առաջացումը, ուռուցքների առաջացումը, որոնց պատճառ կարող է լինել վաղ սեռական հասունացումը: Եվ եթե նորմա համարվող ժամկետի դեպքում ևս նշաններ չկան, նույնպես դիմե՛ք բժշկի:

 

-Պրոֆիլակտիկ հետազոտության կարիք կա՞. եթե այո, ապա այն ի՞նչ է ներառում:

-Որպես այդպիսին, պրոֆիլակտիկ հետազոտություն չկա, սակայն յուրաքանչյուր երեխա, սկսած երկու տարեկանից, տարին մեկ անգամ պետք է հաճախի տեղամասային պոլիկլինիկա։ Ամեն տարի գնահատվում է քաշը, հասակը, աճը, ընդհանուր զարգացումը։ Դա կարելի է ներառել պրոֆիլակտիկ հետազոտության մեջ։ Եթե մասնագետը նկատում է տարիքային նորմաներին չհապատասխանող տվյալներ, անցկացվում են հետազոտություններ։

 

- Որքա՞ն ժամանակ է տևում սեռահասունացումը։

-Միջինում տևողոությունը 5 տարի է։

Գովազդ