Արդյո՞ք կորոնավիրուսը կարող է երկարաժամկետ ազդեցություն թողնել վարակված երեխայի առողջության վրա. պարզաբանում է մասնագետը

Լուրեր

Կավասակիի հիվանդությունը նորություն չէ, սա միջին տրամաչափի անոթների բորբոքում է, որը տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ կորոնավիրուսի հետևանքով կարող է առաջանալ:

Այս մասին այսօր COVID 19-ին վերաբերող մասնագիտական քննարկման ընթացքում նշեց Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս, մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Հռիփսիմե Ապրեսյանը: 

«Ապրիլի կեսերից տարբեր երկրներից ահազանգեր սկսվեցին այս համախտանիշի հետ կապված: Առաջին ահազանգերը սկսվեցին Ֆրանսիայից, երբ 10 օրվա ընթացքում մի հիվանդանոցում ընդունվեց Կավասակիի համախտանիշով 17 երեխա, այն դեպքում, երբ նույն հոսպիտալը 2 շաբաթում Կավասակիի համախատանիշի միայն մի դեպք էր գրանցում: Սա կապվեց այս երեխաների մոտ կորոնավիրուսի դրական ախտորոշման հետ»,- նշում է Հռիփսիմե Ապրեսյանը:

Մանկաբույժ-ինֆեկցիոնիստը ասում է, որ թեև ի սկզբանե երեխաների շրջանում կորոնավիրուսի տարածվածությունը բարձր չի եղել, այնուամենայնիվ, ռիսկեր կան: Հարցին, թե արդյոք կորոնավիրուսով վարակվելը երկարաժամկետ ազդեցություն կարող է թողնել երեխաների առողջության վրա, Հռիփսիմե Ապրեսյանը նշեց, որ այս պահին միջազգային հանրությունը խոսում է միայն Կավասակիի համախտանիշի մասին, իսկ կանխատեսել, թե ինչ բարդություններ կարող են առաջանալ հետագայում, դժվար է: Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Հայաստանում 4-ամյա երեխայի մոտ գրանցվել է Կավասակիի համախտանիշ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն։

Գովազդ