Ի՞նչ դեղորայք է պետք օգտագործել կամ բացառել COVID 19-ի բուժման համար և ճի՞շտ է կարծիքը, որ D վիտամինն ունի կանխարգելիչ նշանակություն. խորհուրդներ մասնագետներից

Լուրեր

Այսօր COVID 19-ի վերաբերյալ ԵՊԲՀ մասնագետների կազմակերպած քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև դեղորայքի օգտագործմանը:

Համալսարանական մասնագետները հորդորեցին չօգտագործել դեղեր և չզբաղվել ինքնաբուժությամբ: Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանը ասում է, որ եթե մարդը վարակակակիր է, բայց չունի ախտանիշներ, ապա նրան պետք չէ դեղորայք նշանակել: 

«Ինքնաբուժությամբ ընդհանրապես որևէ մեկը չպետք է զբաղվի, պետք չէ օգտագործել հակաբիոտիկներ: Չնայած հակաբիոտիկները ունեն մեծ նշանակություն հիվանդների բուժման գործում, բայց դրանք ունեն նաև բացասական ազդեցություն և որոշ չափով ընկճում են իմունիտետը: Վիրուսակիր մարդը, ով չունի ախտանիշ, պետք է պարզապես շատ զգույշ լինի իր նկատմամբ, ինքնազգացողության փոփոխության դեպքում պետք է դիմի բժշկի»,- նշում է մասնագետը: 

ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Արման Բադալյանը ասում է՝ դեղամիջոցները, որոնք հնարավոր է` բուժեն COVID 19-ը, դեռևս գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում, ուստի դեռևս չեն կարող օգտագործվել: Անդրադառնալով վիտամին D-ի կիրառությանը՝ Բադալյանը նշեց, որ այս դեպքում նույնպես չկա վերջնական հետազոտություն: «2017 թվականին Իռլանդիայում եկան այն եզրահանգման, որ վիտամին D-ն դերակատարություն ունի շնչառական վարակների պաշտպանության տեսանկյունից, բայց կոնկրետ COVID 19-ի հետ կապված կա միայն վարկած, որ այս վիտամինը ունի դրական ազդեցություն կորոնավիրուսի բուժման համար, բայց սա վերջնական, ապացուցված հետազոտություն չէ»,- նշում է նա:

Գովազդ