Մանկապարտեզներում կորոնավիրուսի մոտ 20 դեպք է արձանագրվել, աշխատակիցները 100 տոկոսով կվարձրատրվեն. խոսնակ. Armdaily.am

Լուրեր

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկով է հանդես եկել պարետ Տիգրան Ավինյանին՝ ժամանակավորապես  Երեւանի մանկապարտեզների աշխատանքը դադարեցնելու համար։ Նշենք, որ այս որոշումը չի վերաբերում մասնավոր մանկապարտեզներին։ Հավանական է, որ սույն առաջարկի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանում կենտրոնացված մեկ կամ երկու մանկապարտեզ գործի՝ վարչական շրջանի երեխաների համար։ 

 
 

ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ մանկապարտեզների վերաբացումից հետո հաճախելիությունը մոտ 10 տոկոս էր, որը այս շաբաթների ընթացքում գնալով նվազեց մինչեւ 6-7 տոկոսը։ Հարցին՝ այս ընթացքում քանի՞ աշխատակցի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, Կարապետյանը պատասխանեց.«Մոտ 20 դեպք է արձանագրվել։ Նաև ունենք դեպքեր, երբ մանկապարտեզ հաճախող երեխաների տան անդամների մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս։ Դա և հաճախելիությունների փոքր քանակը հաշվի առնելով՝ այս որոշումն է կայացվել»։

Խոսնակը նշեց, որ քաղաքապետը դիմել է պարետին, որպեսզի ամեն վարչական շրջանում 1 կամ 2 մանկապարտեզ գործի.«Որտեղ վարչական շրջանի բնակիչները կարող են բերել իրենց երեխաներին»։ Հարցին՝ ի՞նչ չափանիշներով է որոշվելու, թե վարչական շրջանում որ մանկապարտեզն է շարունակելու աշխատել, Կարապետյանը նշեց.«Կլինեն որոշակի չափորոշիչներ, կախված աշխարհագրական դիրքից, մանկապարտեզի վիճակից, կահավորանքից և այլն։ Առաջարկն ուղարկված է պարետին, կարծում եմ՝ որոշումը չի ուշանա»։ 

Կարապետյանը նշեց, որ մանկապարտեզների աշխատակիցները շարունակելու են ստանալ իրենց աշխատավարձը.«Անկախ նրանից աշխատում են, թե՝ ոչ, 100 տոկոսով իրենց աշխատավարձը համայնքային հաստիքով գրանցված աշխատակիցները ստանում են»։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ