Հանրային քննարկման է ներկայացվել «Նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի» նախագիծը

Լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի» նախագիծը:

✓ Չափորոշչով տրվում են երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներ, նախադպրոցական կրթական ծրագրերի հիմունքները, որոնք ընդգրկում են շարժողական, խոսքի և հաղորդակցման, հուզական, սոցիալ-անձնային, իմացական, ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտները: Նկարագրվում է, թե ինչ պետք է իմանան, անեն և հասկանան երեխաները նախադպրոցական կրթության ավարտին։

✓ Սահմանվում են լեզվական և հաղորդակցական, ճանաչողական ու մոտիվացիոն, ինքնաճանաչողական և սոցիալական, ժողովրդավարական ու քաղաքացիական, թվային և մեդիա, մշակութային, մաթեմատիկական և տեխնիկական, տնտեսական, ֆիզիկական կրթության ու առողջ ապրելակերպի կարողունակությունները:

✓ Ներկայացվում են խմբասենյակների ձևավորման հիմնական պահանջները, ինչ սարքավորումներ, խաղալիքներ ու նյութեր են անհրաժեշտ երեխայի ներդաշնակ զարգացման համար: Թվարկվածները պետք է համապատասխանեն երեխայի տարիքին և սահմանված առողջապահական նորմերին:

Չափորոշչի հիման վրա մշակված կրթական ծրագրերի ներդրումը պարտադիր է նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատությունների համար՝ անկախ կազմակերպաիրավական ձևից: Ըստ դրա՝ կազմվում են նաև միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների ուսումնական ծրագրերի և վերապատրաստումների թեմատիկ պլաններ, ծնողական կրթության ծրագրեր:

Նկատենք, որ  ներկայումս  նախադպրոցական կրթության բովանդակությունը կարգավորվում է 2011 թվականին հաստատված և 2018 թ.-ին մասնակի փոփոխված չափորոշչով, որում ներկայացվող որակական պահանջներն անցած 10 տարիների ընթացքում էականորեն փոխվել են: Ակնկալվում է, որ նոր տարբերակը վաղ մանկության զարգացման ոլորտի տարբեր մասնագետներին և ծնողներին հնարավորություն կտա ունենալ նախադպրոցական տարիքի երեխաների աճի, զարգացման և կրթության առավել ողջամիտ ու հիմնավոր սպասելիքներ: Նախադպրոցական կրթության չափորոշչի հանրային քննարկումը նախատեսված է մինչև մարտի 26-ը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գովազդ