Ովքե՞ր կարող են օգտվել պետպատվերով արհեստական բեղմնավորման հնարավորությունից

Լուրեր

Հայաստանը ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առջեւ է հայտնվել. ըստ վերջին տվյալների, վերարտադրության գործակիցն այսօր 1.6 է, իսկ պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ ցուցանիշը լինի առնվազն 2.1:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը:

Նրա խոսքով, ծնելիության գործակիցը երկրում 1990 թվականի համեմատ նվազել է մոտ 1.8 անգամ: կա նաեւ անպտղության խնդիր, որին բախվում են 14.9 տոկոս կանայք եւ 9.5 տոկոս տղամարդիկ:

Մասնագետի խոսքով, այս մարտահրավերին դիմակայելու համար մշակվել է անպտղության հաղթահարման ծրագիր, որը մի քանի բաղադրիչ ունի: Ծրագիրը հնարավորություն է տալիս պետպատվերի շրջանակում որոշել անպտղության պատճառը, բուժում անցնել, ինչպես նաեւ արհեստական սերմնավորում ու բեղմնավորում անել:

 Ծրագրի շահառուներ կարող են դառնալ.

  • զինծառայողները եւ նրանց հավասարեցված անձինք,
  • ընտանեկան նպաստի համակարգից օգտվողները՝ 28 եւ ավելի միավորով,
  • հաշմանդամություն ունեցող անձինք, եթե կնոջ հաշմանդամությունը հակացուցում չի հղիության համար,
  • 184 սահմանամերձ բնակավայրերի բնակիչները,
  • 44-օրյա պատերազմում զոհված զինվորների եւ կամավորների ծնողները: Վերջիններիս վրա չեն տարածվում ծրագրով նախատեսված սահմանափակումները, որոնք գործում են այլ խմբերի համար:

Նունե Փաշայանի խոսքով՝ ամբողջ 2020-ին ծրագրի շրջանակում իրականցվել էր 49 սաղմիկների տեղադրում, իսկ 2021-ին արդեն 44 տեղադրում է իրականացվել: Ավելին, այս տարի 917 մլն դրամ է նախատեսված այս ծրագրի համար՝ 3 անգամ ավելի, քան նախորդ տարի: Այս ծրագրի շրջանակում մինչ օրս արդեն 62 երեխա է ծնվել:

 

Գովազդ