Պահանջատեր ենք․ հայերն այսօր հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Սիրելի՛ փոքրիկ, իսկ դու այսօր արդեն ծաղիկներ խոնարհե՞լ ես Ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին: Եթե ոչ, ապա խնդրիր մայրիկիդ ու հայրիկիդ, որ քեզ անպայման Ծիծեռնակաբերդ տանեն:

106 տարի առաջ այս օրերին հայության համար դժվար շրջան էր. թուրքերը հայերից խլեցին իրենց հողերն ու տները, զրկեցին հայրենիքի մեծ մասից և շատ մարդկանց էլ սպանեցին: Իհարկե, հայերը հերոսաբար պայքարեցին Վանում, Մուսալեռում, բայց, ցավոք, ոչ բոլոր բնակավայրերում հաջողվեց ինքնապաշտպանություն կազմակերպել: Թուրքերի ձեռքով սպանվեց 1,5 միլիոն հայ:

Զոհերի հիշատակը հայությունը հարգում է ապրիլի 24-ին, քանի որ հենց այս օրը թուրքերը ձերբակալեցին ու մահվան ուղարկեցին 600 հայ մտավորականների:

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելով՝ ամեն հայ վկայում է, որ չի մոռացել թուրքերի կատարած հանցանքը, և մենք պայքարելու ենք արդարության վերականգնման համար ու մի օր հետ ենք ստանալու մեր պապերի հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը: