Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն այսօր ներկայացրել է ՀՀ-ում համաճարակային իրավիճակը։
Նրա տվյալներով՝ Հայաստանում վերջին 14 օրում կորոնավիրուսի նոր դեպքերն ավելացել են 437 տոկոսով․ 3-5 տարեկանների շրջանում հիվանդացությունը աճել է 7,3 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 4 անգամ, իսկ 18-23 տարեկանների շրջանում՝ 5,3 անգամ։
Ընդհանուր առմամբ, ըստ մասնագետի, այս պահին Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության մակարդակը համաճարակային շեմից բարձր է 2,2 անգամ։
Աբովյանի խոսքով՝ սուր շնչառական վարակներն ակտիվ են հիմնականում 0-14 և 30-64 տարեկանների շրջանում։
Սուր շնչառական վարակների 1089 նմուշի լաբորատոր հետազոտությունը ցույց է տվել, որ 20 տոկոսի դեպքում առկա է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, որն ավելի արագ է տարածվում, թիրախն էլ երեխաներն են, իսկ ախտանշաններն են՝ ջերմություն, ընդհանուր թուլություն, քթից արտահոսք և հազ։
Ընդգծելով, որ Եվրամիության չափանիշներով ՀՀ-ն այս պահին մուգ կարմիր գոտում է՝ Աբովյանը տեղեկացրեց, որ հիվանդացության աճն ամենից շատ տեսանելի է Երևանում։
Անդրադառնալով կորոնավիրուսի «օմիկրոն» շտամին՝ մասնագետը նկատեց, որ պատվաստվածների մոտ բավական թեթև է արտահայտվում կամ միջին ծանրության. «Հոսպիտալացման դեպքեր, իհարկե, կան, բայց «դելտա» շտամի համեմատ մի քանի անգամ քիչ են»,-նշեց Աբովյանը՝ ավելացնելով, որ չի բացառվում, որ երկրում դեռևս շրջանառվում է նաև «դելտա» շտամը։