Վանաձորի ԲԿ-ում իրականացված վիրահատության արդյունքում 5-ամյա փոքրիկի մատների շարժունակությունը վերականգնվել է. Aravot.am

Լուրեր

«Վանաձորի ԲԿ»-ում մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի կողմից կատարվել է հերթական բարդ վիրահատությունը:

Բժշկական կենտրոն էր ընդունվել 5-ամյա տղա՝ «սինդակտիլիա» պաթոլոգիայով: Սինդակտիլիան ձեռքի կամ ոտքի մատների բնածին ձևախախտում է, որի դեպքում երկու և ավելի մատներ մասամբ կամ ամբողջովին սերտաճած, ձուլված են միմյանց, ինչի հետևանքով միջմատնային տարածությունը լինում է մասամբ կամ ամբողջովին փակված:

Մանկական վնասվածքաբան–օրթոպեդի խոսքով՝ իրենց առաջ դրված է եղել կարևոր խնդիր՝   գործել այնպես, որ մատների ճիշտ առանձնացումից ժամանակ անց չառաջանա սպիաձև կոնտրակտուրա, որպեսզի հետագայում մատները կարողանան նորմալ աշխատել:

Վիրահատությունը տևել է 2.5 ժամ: Կատարվել է «զեթպլաստիկա»,  որը հաջողությամբ է ավարտվել: Երեխայի մաշկը լիարժեք վերականգնվել է: Թե՛ վիրահատության ընթացքում, թե՛ հետվիրահատական շրջանում որևէ բորբոքային կամ այլ տիպի բարդություններ չեն առաջացել: Վերականգնվել է մատների շարժունակությունը, փոքրիկը կարողանում է ազատ շարժել մատները, բացել, փակել ու խաղալ:

 

 

 

Գովազդ