Կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա. Hetq.am

Լուրեր

«Հետք»-ը, շարունակելով սննդամթերքի փորձաքննությունների շարքը,  2023թ. մարտի 2-ին փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։

Մինչ արդյունքները ներկայացնելը փաստենք, որ 72 ժամ և ավելի պահպանվող կաթնաշոռում (տեղական արտադրության կաթնաշոռի պահպանման ժամկետը միջինը 4-6 օր է) խմորասնկերի թույլատրելի սահմանը պետք է լինի 100 ԳԱՄ/գ-ից, իսկ բորբոսասնկինը՝ 50 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի: ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ընդհանրապես պետք է չլինի։ Աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայության հիմնական պատճառը սանիտարահիգիենիկ նորմերի խախտումն է հումքի հավաքման կամ արտադրական պրոցեսի ընթացքում։ Կաթնաշոռում խմորասնկերի ու բորբոսասնկերի նորմայից ավելի լինելը կարող է վկայել արտադրական պրոցեսում խախտումների, օդային տարածքներում առկա խմորասնկերի և բորբոսասնկերի առկայության մասին։ Խմորասնկերի ու բորբոսասնկերի բարձր թիվը կարող է նաև նշանակել, որ կաթնաշոռը պատրաստված է  երկրորդական հումքի վերամշակումից (ժամկետը լրացած կաթ, թթվասեր, թան և այլն)։ Այս ցուցանիշների՝ նորմայից ցանկացած շեղում անթույլատրելի է, քանի որ կարող է վնասակար լինել մարդու առողջության համար։ Ինչ վերաբերում է կաթնաթթվային մանրէներին, կաթնաշոռում դրանք պետք է լինեն >10^6  ԳԱՄ/գ-ից։ 

Այսպիսով, փորձաքննության ներկայացված կաթնաշոռի 10 նմուշից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Դրանք են «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Բոնիլատ» ապրանքատեսակները։

10 նմուշից 8-ում հայտնաբերվել է խմորասնկերի անթույլատրելի բարձր քանակ։ Դրանք են «Մարիաննա», «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Մարիլա», «Բոնիլատ», «Հայր և որդի Երեմյաններ» ապրանքանիշերի արտադրանքները։

Նմուշներից 4-ում հայտնաբերվել է բորբոսասնկերի անթույլատրելի քանակ. դրանք են «Մարիաննա», «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» ապրանքանիշերի կաթնաշոռները։

Միաժամանակ 3 ցուցանիշի շեղում՝ աղիքային ցուպիկ, խմորասնկերի և բորբոսասնկերի բարձր քանակ հայտնաբերվել է երեք նմուշում՝ «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» կաթնաշոռերնում։

Երեք ցուցանիշի շեղում հայտնաբերվել է նաև «Բոնիլատ» ապրանքատեսակում. մասնավորապես՝ կաթնաշոռի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի մեծ քանակ, կաթնաթթվային մանրէները եղել են սահմանված քանակից քիչ։

Երեք նմուշում կաթնաթթվային մանրէների քանակը եղել է սահմանված նորմայից քիչ. դրանք են «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» կաթնաշոռները։

Մակնշման խախումներ հայտնաբերվել են 4 նմուշում՝ «Անի», «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» ապրանքատեսակներում. կաթնաշոռի անվանումը եղել է միայն անգլերեն՝ պահանջվող հայերեն և ռուսերեն լեզուների փոխարեն։

Ընդհանուր 10-ից միայն 2-ն են  համապատասխանել սահմանված նորմերին։ Դրանք են՝ «Թամարա» և «Անի» ապրանքանիշերի կաթնաշոռները։

 

Այլ մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

 

 

 

Գովազդ