20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա ձու․ Hetq.am

Լուրեր

Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են արդյոք և չեն պարունակում հակաբիոտիկներ։

Լաբորատոր փորձաքննությամբ ներկայացված ոչ մի նմուշում հակաբիոտիկ չի հայտնաբերվել։ Թարմության փորձաքննության համաձայն՝ նմուշներից ոչ մեկի օդախցիկի բարձրությունը չի գերազանցել սահմանված նորման: Սակայն, Ագրարային համալսարանի լաբորատորիայում անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Ալթունյանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայացված նմուշներից և ոչ մեկը չի ունեցել այն թարմությունը, որը արտադրողը մակնշել է։

Մասնավորապես՝

N1 «Գնթունիք» ձուն մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 14 օրական։

N2 «Արզնի» ընկերության ձուն մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 10 օրական։

N3 «Արաքս թռչնաֆաբրիկայի» ձուն նույնպես մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 10 օրական, իսկ ուսումնասիրված 10 ձվից 2-ի ներսի հատվածում՝ օդախցիկի մոտ հայտնաբերվել են ժանգանման բծեր։

N4  «Աշտարակ ձու» ընկերության ձուն 3 օրականի փոխարեն եղել է 15-20 օրական, սպիտակուցը եղել է ջրիկացած։

N 5 «Վարիանտ գրուպ» ընկերության «Մասիս» ձուն 6 օրականի փոխարեն եղել է 15-20 օրական, դեղնուցը՝ ինտենսիվ դեղին, պիգմենտավորված, ինչը ոչ սառնարանային պայմաններում պահելու հետևանք է։

N6 «Լուսակերտ էլիտ» ընկերության ձուն 4 օրականի փոխարեն եղել է 10 օրական։

N7 «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի «Էրեբունի» ձուն մակնշված 15 օրականի փոխարեն եղել է 20-25 օրական, կճեպը՝ մասամբ կեղտոտ, դեղնուցը՝ պիգմենտավորված։

Ժամկետի ամենաքիչ շեղումը եղել է «Արզնի ԹՏԽ», «Արաքս» և «Լուսակերտ էլիտ» ապրանքներում. 10 օրական ձուն մակնշվել է որպես 4 օրվա։ Ամենաշատ շեղումն ունեցել է «Աշտարակ ձուն». 15-20 օրական ձուն մակնշել է որպես 3 օրվա ձու, իսկ 15-20 օրական «Մասիս» ձուն՝ որպես 6 օրվա ձու։ Փորձաքննության և հրապարակման պահին ապրանքները ժամկետի մեջ են և վաճառվում են խանութներում։ Դրանք կարելի է օգտագործել, բայց մինչև արտադրողի սահմանած` 25-օրյա ժամկետի ավարտը ձուն արդեն չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

 

Ինչպե՞ս ընտրել ձուն, հասկանալ թա՞րմ է, թե՞ ոչ․ մեկնաբանում են մասնագետները 

«Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայի անասնաբուժասանիտարական փորձագետ Օվսաննա Գևորգյանի խոսքով՝ եթե ձվի վրա ճաքեր կան, այն երկար չի կարող պահպանվել։ Ճաքած ձուն համարվում է սննդային ոչ լիարժեք, պետք է օգտագործվի հացաբուլկեղենի ու հրուշակեղենի, բարձր ջերմային մշակման մթերքների մեջ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել ձվի պարունակությանը։ Դեղնուցը պետք է լինի դեղին կամ նարնջագույն, պարզ, սպիտակուցը՝ առանց պղտորության, խիտ, հստակ սահմանազատված հեղուկ զանգվածից։ Ձվի պարունակությունը պետք է լինի առանց բծերի, առանց կարմիր արյունային բծերի, բորբոսի, նեխահոտի։ Եթե արյուն է լինում, համարվում է սննդային ոչ լիարժեք ձու։ Այդ դեպքում հնարավոր է, որ բեղմնավորված է, հավերի մոտ վիտամինների պակասից էլ կարող է լինել։

Անասնաբուժական գիտությունների թեկնածու Սիրանուշ Ալթունյանը ներկայացնում է ձվի թարմությունը որոշելու մի քանի եղանակ։ Դրանցից մեկն աղային լուծույթ պատրաստելն է։ 60 գրամ աղ պետք է լցնել 500 մլ թորած ջրի մեջ՝ ստանալով աղային խիտ լուծույթ։ Այս լուծույթում մինչև 7 օրվա՝ դիետիկ ձվերը պետք է սուզվեն հատակին, իսկ դրանից մեծ հասակովներն արդեն պետք է դուրս գան վերև։ Եթե էլի մակերեսին դուրս գա, պետք է նորից լուծույթը նոսրացնել։

Կոտրելուց հետո ձվի թարմությունը կարելի է որոշել դեղնուցի և սպիտակուցի ինդեքսներով։ Ձուն պետք է կոտրել բութ գործիքով՝ այնպես, որ չվնասվի դեղնուցապարկը, դեղնուցը, պետք է տարածել հարթ մակերեսի վրա։ Սովորաբար թարմ ձվերը կոտրելուց հետո պետք է ունենան հենց ձվի տեսք, հավաք լինեն, դեղնուցը պետք է լինի կենտրոնական դիրքում և ուռուցիկ։ Սպիտակուցի ջրիկ շերտը շատ չպետք է տարածվի, եթե շատ է տարածվում, դա խոսում է արդեն հնացման մասին։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գովազդ