Հանճարներ են սպանվում դեռ չծնված. եկեղեցին պետք է վերաբերմունք արտահայտի աբորտների դեմ

«Փորձելով արդարացնել մարդասպանությունը սեփական անհոգ և վայելքներով լեցուն կյանքի համար անընդունելի է: Մարդու կյանքը Աստծո առջև մեծագույն արժեք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կոտայքի թեմի Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանը` դատապարտելով ոչ միայն սեռի պատճառով հղիության արհեստական ընդհատումը, այլև յուրաքանչյուր արհեստական ընդհատում: Նա օրինակ բերեց արտասահմանյան մի բժշկի ուսումնասիությունների վրա հիմնված ֆիլմը, որտեղ հստակ երևում է, որ պտուղը առանձին մարդկային էակ է` մարդուն հատուկ բոլոր անձնական հատկանիշներով, և երբ երեք ամսական պտղից փորձում են ազատվել, պտուղը սկսում է տագնապալից շարժվել, սրտի բաբախումն է հաճախանում և ասես ճչում է` օգնություն կանչելով:

«Մարդկային էակը սկսում է իր կյանքը բեղմնավորման պահից: Իսկ «հղիության արհեստական ընդհատում» անզգացմունք հասկացության տակ ես հասկանում եմ միմիայն մարդասպանություն այս ամենի հիմքում: Չեմ

զարմանա, եթե վաղը խոսեն մարդասպանի իրավունքներից»,- ասաց Կյուրեղ քահանա Տալյանը: Նրա կարծիքով` նոր ժամանակների աշխարհում ձևավորվել է նոր կրոն` «մարդու իրավունքներ» անունով, որում մարդը վերածվում է պաշտամունքի առարկայի, և խոսում են կնոջ իրավուքներից, թե կինը իր մարմնի հետ ինչ ուզի` կանի: Դրա հիմքում, ըստ քահանայի, դրված են վայելքները, սեռական սանձարձակությունը և առհասարակ անաստվածությունը:

«Միգուցե այդ մեղքը արդարացում կունենա այն դեպքում, եթե հղիության արհեստական ընդհատման ընթացքում խոսքը գնում է մոր կյանքը փրկելու մասին: Տասը տարվա ընթաքում չորս հարյուր միլիոն աբորտ է արվում, այսինք առանց պատերազմի` այդքան մարդ է սպանվում: Այսօր եկեղեցին անելիք ունի և հստակ պետք է արտահայտի իր վերաբերմունքը այս հարցի հանդեպ: Այս բարոյական անկման պատճառը հոգևոր անկումն է: Ի՞նչ պատասխան ենք տալու Աստծուն»,- զարմանում է քահանան` հավելելով, որ եթե հղիության արհեստական այդ ընդհատումները չլինեին, մեր աշխարը և մասնավորապես հայ ազգը ունենար նոր հանճարներ ու տաղանդներ:

Tert.am