Ամոթ է այցելել գինեկոլոգին

Լուրեր

«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում  է 32-ամյա Տանյան:  Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:

Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:

Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ

«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում  է 32-ամյա Տանյան:  Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:

Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:

Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:

Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:

Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են

2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի   278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009  թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:

Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15  տարի:  Միայն 5%-ի մոտ է,  որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:

«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:

Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով

Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:

Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:

Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով  60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:

Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:

Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:

Վիճակը մարզերում

Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է  կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:

Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում`   37 դեպք  100.000  բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում`  6  դեպք,  2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:

Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից

Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի  120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:

Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:

Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է  փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում  է նա:

 

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

Ankakh.com

Գովազդ