Sidebar

Հաջողության պատմություն․ 1 կգ 270 գրամ քաշով ծնված փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից միանգամայն առողջ

«Շենգավիթ»  ԲԿ-ն տեղեկացնում է, որ իռլանդահայ Պատրիկ-Արմենը և լիտվացի Յուլիան ընտանիք են կազմել Հայաստանում։ Սակայն ապրելով Կանադայում` որոշում էին կայացրել, որ իրենց առաջնեկը պետք է ծնվի Հայաստանում:

Այդպես էլ եղավ․ նրանց առաջնեկը՝ Թորոսը, ծնվեց Հայաստանում` «Շենգավիթ» ԲԿ-ում:

Ծնողները դեռ Կանադայից կապ էին հաստատել «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Մարգո Մարտիրոսյանի հետ և ամեն ինչ պլանավորել: Հայաստան տեղափոխվելով՝ Յուլիան հղիության ամբողջ ընթացքում գտնվել է բժշկուհու հսկողության տակ: Հղիությունը նորմալ է ընթացել: Սակայն հղիության 31-32 շաբաթական ժամկետում Յուլիան հղիների հիպերտենզիա ախտորոշմամբ գտնվել է հղիների պաթոլոգիայի բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ:

Սոնոգրաֆիկ հետազոտության հսկողությունն իրականացրել է «Շենգավիթ» ԲԿ -ի գլխավոր տնօրենի՝ ախտորոշման գծով տեղակալ, ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դոցենտ Տիգրան Քոչարյանը:

Հղիության 32 շաբաթում ծանր աստիճանի պրեկլամսիա ախտորոշմամբ շտապ կեսարյան հատման որոշում է կայացվել, և լույս աշխարհ է եկել 1 կգ 270 գրամ քաշով արական սեռի փոքրիկ:

Երեխան շուրջ մեկ ամիս գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային և անհաս երեխաների ինտեսնիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում՝ բաժանմունքի ղեկավար Հակոբ Մելքումյանի հսկողության տակ:

Նոյեմբերի 24-ին փոքրիկ Թորոսը միանգամայն առողջ դուրս է գրվել հիվանդանոցից։