«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:
Նարինե
Հարց: Բարև Ձեզ: Ուզում եմ մի հարց տալ Ձեզ: Ես 2 շաբաթական հղի եմ և ինձ հետաքրքրում է` թույլատրելի՞ են, արդյոք, հիմա սեռական հարաբերությունները. եթե ոչ, մինչև ե՞րբ: Շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Նարինե, հղիության ընթացքում սեռական հարաբերությունները թույլատրելի են, եթե չկա հղիության ընդհատման վտանգ:
Ալլա
Հարց: Բարև Ձեզ, Ես 52 տարեկան եմ, դաշտանային ցիկլը միշտ կանոնավոր կերպ է եղել, բայց մայիսի 24-ին հերթական ցիկլը տեղի չունեցավ, և հունիսի 4-ին նորից սկսվեց և շարունակվում է մինչ օրս: Այդ ամբողջ ընթացքում ինձ մոտ նկատվում է սուր ցավեր կրծքերում և երբեմն ստորին կոնքի շրջանում: Ես հասկանում եմ, որ ինձ մոտ արդեն կլիմաքսի շրջանն է սկսվում, բայց կուզեի իմանալ՝ արդյոք սա նորմա՞լ է, թե՞ որևէ խնդրի մասին է վկայում:
Պատասխան: Հարգարժան Ալլա, խորհուրդ կտամ շուտափույթ դիմել գինեկոլոգի, քանի որ հունիսի 4-ից սկսած մինչ օրս շարունակվող ցիկլը նորմալ չէ:
Մերի
Հարց: Բարև Ձեզ, ես երկու տարի է՝ ամուսնացած եմ և չեմ կարողանում հղիանալ: Հետազոտվել եմ, արգանդս չափսերով փոքր է: Խնդրում եմ, ասեք` որքա՞ն է հղիանալու հավանականությունը և ի՞նչ է պետք դրա համար:
Պատասխան: Հարգարժան Մերի, խորհուրդ կտամ դիմել գինեկոլոգի, անհրաժեշտ կլինի ևս մի քանի հետազոտություններ, որպեսզի Ձեր հարցին առավել հստակ պատասխան տրվի:
Մերի
Հարց: Բարև Ձեզ: 25 տարեկան եմ, ամուսնացած չեմ, ունեմ արգանդի միոմա` 7սմ: Ի՞նչ խորհուրդ կտաք` վիրահատե՞լ ամուսնանալուց առաջ, թե՞ ոչ:
Պատասխան: Հարգարժան Մերի, խորհուրդ կտամ ամեն դեպքում վիրահատվել հղիություն պլանավորելուց առաջ:
Մարիամ
Հարց: Բարև Ձեզ: Առաջին հղիությունից հետո ե՞րբ է խորհուրդ տրվում նորից հղիանալ: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Մարիամ, եթե չեն եղել խնդիրներ հղիության և ծննդաբերության ընթացքում, ապա ցանկալի է երկու տարի դադարից հետո: Սակայն, ամեն ընտանիք ինքն է պլանավորում իր համար օպտիմալ ժամկետը:
Վարդ
Հարց: Բարև Ձեզ: Ես երկու անգամ վիժել եմ` արյան խտության պատճառով, բայց հիմա ամեն ինչ նորմալ է ինձ մոտ: Վերջին 2 ամսում պորտիս մեջ նկատել եմ աննշան արտադրություն, որը միշտ չի լինում: Ինչի՞ հետ է կապված, կարո՞ղ է դառնալ չհղիանալու պատճառ: Նախապես շնորհակալություն:
Պատադխան: Հարգարժան Վարդ, դա արյան խտության հետ բացարձակապես կապ չունի, ինչպես նաև կապ չունի չհղիանալու հետ: Խորհուրդ կտամ պահպանել հիգիենայի կանոնները:
Արմինե
Հարց: Կցանկանայի իմանալ` ինչպիսի՞ անալիզներ է հարկավոր հանձնել` հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելուց առաջ:
Պատասխան: Հարգարժան Արմինե, պետք է հանձնել վահանաձև գեղձի հորմոնի` թիրեոտրոպ հորմոնի անալիզ, արյան մակարդելիության անալիզ և անցնել գինեկոլոգիական հետազոտություն:
Անի
Հարց: Բարև Ձեզ: Ինձ մոտ 5 շաբաթական հղիություն է: Որովայնի ստորին հատվածում թույլ ցավեր եմ ունենում, երբեմն էլ` թույլ ծակոցներ: Վտանգավո՞ր է, արդյոք, թե՞ բնական է համարվում: Արտադրությունը թափանցիկ է կամ թույլ դեղին: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Անի, պետք է անցնեք ՈՒՁՀ /սոնոգրաֆիա/, որպեսզի պարզենք պատճառը:
Նելլի
Հարց: Բարև Ձեզ, ես 20 տարեկան եմ և ամուսնացած չեմ: Արդեն երկու ամիս և ավելի է՝ դաշտանային ցիկլի խանգարում ունեմ: Այդ ընթացքում ընդամենը մեկ անգամ բաց գույնի արյուն եմ նկատել ու վերջ: Որովայնիս ներքևի հատվածում հաճախակի ցավեր եմ ունենում: Հնարավո՞ր է` մրսածության կամ սթրեսի հետևանքի լինի: Շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Նելլի, լավ կլինի՝ դիմեք գինեկոլոգի, որպեսզի անցնեք հետազոտություններ:
Նարե
Հարց: Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է` օվուլյացիայի օրը հաշվում են ամսական օրերի սկսվելու առաջին օրվանից, թե՞ ամսական օրերի վերջին օրից:
Պատասխան: Հարգարժան Նարե, օվուլյացիայի օրը հաշվում են դաշտանի սկսվելու առաջին օրվանից: