Բոլորին հայտնի է, որ կաթնամթերքը կալցիումի, վիտամի D-ի, կալիումի և այլ օգտակար տարրերի մեծ պաշար է պարունակում։ Այս բոլոր օգտակար տարրերը շատ կարևոր են Ձեր և Ձեր ապագա երեխայի ոսկորների, ատամների, մկանային համակարգի, արյունատար և սրտանոթային համակարգի զարգացման համար։
Սակայն, շատ հաճախ կանայք հղիության ընթացքում խուսափում են կաթնամթերք օգտագործելուց՝ վախենալով ավելորդ կիլոգրամներ ձեռք բերել։ Այս է պատճառը, որ բազմաթիվ բժիշկներ ու դիետոլոգներ խորհուրդ են տալիս հղիության ընթացքում օգտագործել ցածր յուղայնությամբ կաթնամթերք։ Ցածր յուղայնությամբ կաթնամթերքը պարունակում է նույնքան օգտակար տարրեր և հանքանյութեր, որքան ավանդական կաթնամթերքը, և միևնույն ժամանակ կարգավորում է արյան ճնշումը, օգնում ազատվել ավելորդ քաշից, կանխում սրտի կաթվածի հավանականությունը։
Ինչպես հղիության, այնպես էլ հետծննդյան ժամանակահատվածում կանանց մոտ համեմատաբար թուլանում են ոսկորները, ատամները սկսում արագ փչանալ, նյարդերն էլ ավելի են լարվում։ Ուստի՝ օգտագործելով օրական 1 բաժակ ցածր յուղայնությամբ կաթ, դուք ունենում եք՝
- Ամուր ոսկորներ և առողջ ատամներ: Մեկ բաժակ ցածր յուղայնությամբ կաթը պարունակում է 299մգ կալցիում: Այն օրգանիզմի կալցիումի օրական պահանջի 30%-ն է: Կալցիումը նպաստում է նաև ատամների առողջությանը, արյան ճնշման կարգավորմանը, մկանային և նյարդային համակարգերի նորմալ գործունեությանը:
- Սուր տեսողություն: Բոլորիս հայտնի է, որ տեսողության խանգարման հիմնական պատճառը օրգանիզմում վիտամին D-ի պակասն է: 1 բաժակ կաթը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ վիտամին D-ի օրական պահանջի 10%-ը:
- Ամուր նյարդեր: Կաթում պարունակվող վիտամին B-ն նպաստում է արյան կարմիր գնդիկների ձևավորմանը, նյարդային բջիջների նորմալ կենսագործունեությանը, նպաստում է սպիտակուցների ճեղքմանը և տարրալուծմանն օրգանիզմում: Այս վիտամինն օգտակար է նաև աչքերի և մաշկի համար:
- Առողջ սիրտանոթային համակարգ: Կալիումով հարուստ սննդի ամենօրյա օգտագործումն երկու անգամ նվազեցնում է կաթվածի ռիսկը: 1 բաժակ կաթը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ կալիումի օրական պահանջի 11%-ը:
- Ուժեղ մկաններ: Սպիտակուցներն անհրաժեշտ են մկանային բջիջների վերականգնման, նոր բջիջների ստեղծման համար: Ի դեպ, կաթը պարունակում է արագ տարրալուծվող սպիտակուցներ, որոնք շատ արագ են վերածվում ամինաթթուների և ներծծվում արյան մեջ: 1 բաժակ ցածր յուղայնությամբ կաթը պարունակում է օրգանիզմի սպիտակուցների օրական պահանջի 16%-ը:
Այսպիսով, հղիության և հետծննդյան ժամանակահատվածում, օգտագործելով ցածր յուղայնությամբ կաթնամթերք, Ձեր և Ձեր երեխային ապահովում եք օգտակար տարրերի, հանթանյութերի և վիտամինների հսկայական պաշարով։