Բնածին արատներ. պատճառներն ու կանխարգելումը

Ըստ պաշտոնական վիճակագրության, ամեն տարի Հայաստանում ծնվում է բնածին արատ, շեղումներ կամ դեֆորմացիաներ ունեցող մոտ 1300 երեխա: Առաջին հայացքից այս թիվը կարծես այնքան էլ մեծ չէ: Բայց եթե հաշվի առնենք, որ, 2008 թ. ծնվել է մոտ 41000 երեխա, կստացվի, որ մոտավորապես  յուրաքանչյուր 31-րդ երեխան ծնվում է ինչ-որ արատով:  Որոշ արատներ բուժվում են, և երեխան առողջ և լիարժեք մեծանալու հնարավորություն է ստանում, բայց շատ արատներ էլ  կյանքի հետ անհամատեղելի են  կամ ֆիզիկական ու մտավոր հետամնացության պատճառ են դառնում:

Ներկայումս գիտությանը հայտնի են ավելի քան 4000 բնածին արատներ, բայց դրանցից շատերի պատճառը գիտնականները դեռ չեն կարողացել հայտնաբերել: Հնում մարդիկ կարծում էին, որ ի ծնե արատ ունեցող երեխան պատիժ է գործած մեղքերի համար: Ժամանակակից գիտնականները պնդում են, որ այդ հնադարյան պատկերացումներն այնքան էլ սխալ չէին: Միայն թե, երեխայի առողջ ծնվելու հարցում դեր են խաղում ոչ թե ծնողների մեղքերը, այլ ապրելակերպը, և, անշուշտ, ժառանգականությունը:

Ժառանգականության  դերը

Սա շատ և շատ բնածին արատների ու հիվանդությունների գլխավոր պատճառներից է: Եթե ծնողներից մեկը կամ երկուսն էլ ինչ-որ հիվանդություն ունեն, այն, հավանաբար, կփոխանցվի նրանց երեխային: Օրինակ` դալտոնիզմը, խլությունը, ձեռքերի կամ ոտքերի ավելորդ կամ պակասող մատները, որպես կանոն, փոխանցվում են ժառանգաբար: Երբեմն էլ ծնողները կարող են, հիվանդ չլինելով հանդերձ, «հիվանդ» գեն կրել և փոխանցել այն իրենց երեխային:

Քրոմոսոմային դեֆեկտները (ավելորդ, պակասող կամ վնասված քրոմոսոմներ) նույնպես բնածին արատների լուրջ պատճառ են: Դրանք, որպես կանոն, ժառանգաբար չեն փոխանցվում, այլ ի հայտ են գալիս հասունացող ձվաբջջի կամ սպերմատոզոիդի մեջ անակնկալ (հաճախ` սխալ ապրելակերպի հետևանքով): Նման դեֆեկտներ ունեցող բջիջներից ծնվում են անյպիսի հիվանդություններով երեխաներ, ինչպիսիք են, օրինակ, Դաունի համախտանիշը, Էդվարդսի համախտանիշը և այլն: Քրոմոսոմային խախտումների հետևանքով առաջացած արատները և հիվանդությունները չեն բուժվում: Ցավոք, Հայաստանում նման հիվանդությունները բավական մեծ տարածում ունեն: Ըստ մասնագետների` պատճառն այն է, որ մեզանում քրոմոսոմային շեղումները վաղ չեն հայտնաբերվում:

Ծնողների ապրելակերպը նկատելի հետք է թողնում ապագա երեխայի առողջության վրա: Հայաստանում, պաշտոնական վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր երկրորդ ծխող (նաև պասիվ ծխող) կնոջ երեխան ծնվում է մահացած կամ շատ ծանր շեղումներով և մահանում է կյանքի առաջին շաբաթների ընթացքում: Բանն այն է, որ նիկոտինն արյան միջոցով փոխանցվում է զարգացող պտղին և վնասում նրա սիրտանոթային և շնչառական համակարգերը: Եթե նույնիսկ այսպիսի երեխան ծնվում է համեմատաբար առողջ, նրա թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական զարգացումն ավելի դանդաղ է ընթանում, քան չծխող ծնողների երեխաներինը:

Ամբողջ աշխարհում աճում է նաև այսպես կոչված Fetal Alcohol Syndrome (FAS) ունեցող երեխաների թիվը: FAS-ը ֆիզիկական և մտավոր արատների (մարմնի անհավասարաչափ զարգացում, քաշի նկատելի պակաս և շատ դանդաղ աճ, սրտի բնածին արատներ կամ թերզարգացում և այլն) ամբողջություն է, որի պատճառը հղի ժամանակ կնոջ ալկոհոլի օգտագործումն է: Այսպիսի արատներն անբուժելի են, և երեխան ստիպված է  կրել դրանք ամբողջ կյանքում:

Որոշ դեղեր կարող են լուրջ վնաս հասցնել պտղին, եթե նույնիսկ  դրանք նշանակում է բժիշկը: Որոշ հիվանդություններ, մանավանդ սեռավարակները, նույնպես կարող են բնածին արատների պատճառ դառնալ:

Ինչ անել, որպեսզի հնարավորինս ապահովվի ապագա երեխայի առողջ զարգացումն ու ծնունդը: Զարգացած երկրներում մարդիկ ամուսնանալուց կամ երեխա պլանավորելուց առաջ բժշկական զննում են անցնում, որպեսզի իմանան իրենց ժառանգական հիվանդությունների մասին, եթե այդպիսիք կան: Հայաստանում, ցավոք,  նման սովորություն չկա, բայց ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, այն բնավ ավելորդ չէ: Գեներդ, իհարկե, չես փոխի, բայց նման ստուգումները նկատելիորեն կնվազեցնեն անախորժ անակնկալները: Եթե իմանաս, որ դիցուք` հեմոֆիլիա հիվանդության կրող ես, հոգեբանորեն պատրաստ կլինես, որ քո երեխան կարող է հեմոֆիլիկ ծնվել:

Շատ կարևոր է նաև հետևել ապրելակերպին և առողջությանը: Եթե զգույշ լինեք դեղերի օգտագործման հարցում, չչարաշահեք խմիչքը և ծխախոտը, ժամանակին հայտնաբերեք և բուժեք բոլոր հիվանդությունները, դա նկատելիորեն կնվազեցնի անառողջ երեխա ունենալու հավանականությունը:

 

Ամալյա Գաբրիելյան

Ankakh.com