Կարմրուկ․ ախտանշանները, բարդությունները և կանխարգելումը

Ի՞նչ բարդություններ է առաջ բերում կարմրուկը, ի՞նչ անել, եթե շփվել եք կարմրուկով վարակվածի հետ, ու որքանո՞վ է հնարավոր կանխարգելել այս հիվանդությունը։

Կարմրուկը վիրուսային հիվանդություն է և սովորաբար բնութագրվում է բարձր ջերմությամբ, հազով, կոնյուկտիվիտով, ցանավորմամբ։ Ցանը սկզբնական շրջանում կարող է լինել թույլ արտահայտված։ Սկսվում է դեմքից, ապա տարածվում է ու ծածկում ողջ մարմինը՝ ստեղծելով կարմիր կետանման ծածկույթ։ Պրոդրոմալ (հիվանդության նախանշանների) փուլում կարևոր ախտանշան է Կոպլիկ-Ֆիլատովի բծերի առաջացումը բերանի լորձաթաղանթում։

Այս ամենը նկատելիս անհրաժեշտ է զգուշանալ, քանի որ կամրուկի բարդացման հավանականությունը մեծ է։ Երեխաների մոտ բարդությունները ներառում են միջին օտիտ, թոքաբորբ, կեղծ կրուպ՝ հաչոցանման, չոր և խեղդող հազ, փորլուծություն։ Փորլուծությունն առավելապես զարգանում է իմուն համակարգի հետ խնդիր ունենալու պարագայում։ Կարմրուկի բարդություններից կարող է լինել նաև սուր էնցեֆալիտը։ Դա ուղեղի բորբոքում է, ու, չնայած քիչ հանդիպելիությանը, լուրջ սպառնալիք է, որովհետև իր հերթին բերում է նյարդաբանական կայուն շեղումների։

 

Ե՞րբ է անձը համարվում վարակիչ

Կարմրուկի ինկուբացիոն շրջանը միջինում տևում է 8-12 օր։ Անհատը հանդիսանում է վարակիչ ցանի զարգացումից չորս օր առաջ։ Նախքան ցանի ի հայտ գալը մարդու մոտ կարող են  դիտվել պարզապես քթային հոսք, հազ, ջերմություն, նա լինի վարակիչ, սակայն անգամ չկռահի այդ մասին։ Ցանի ի հայտ գալուն հաջորդող չորս օրվա ընթացքում նա շարունակում է լինել վարակիչ։ Եթե հիվանդը գումարային ութ օրերի կտրվածքով չի մեկուսանում, ինքնին դառնում է վիրուսն ակտիվ տարածող։ Իսկ չպատվաստված մարդն արագորեն «կլանում» է վիրուսը։

 

Որո՞նք են ախտորոշման հավաստի մեթոդները

Ախտորոշումն իրականացվում է իմունոգլոբուլին M-ի և իմունոգլոբուլին G-ի, ՊՇՌ հետազոտման միջոցով։ Երբ կա ցան և անցել է առնվազն 72 ժամ,  իմունոգլոբուլին M-ով կատարվող տարբերակը տալիս է ճշգրիտին մոտ պատասխան։ 

 

Կանխարգելում ենք

Կարմրուկը կանխարգելել հնարավոր է պատվաստանյութի օգնությամբ։ Հարկ է հաշվի առնել, որ տվյալ հիվանդությունն ունի միայն մեկ ենթատեսակ։ Պատվաստանյութի օգտագործման ու արդյունավետության առումով իսկապես մեծ առավելություն է, որ վիրուսը հնարավորինս քիչ փոփոխության ենթարկվող լինի։ Կարմրուկի պարագայում այն իրոք մեկն է և դրա դեմ առկա վակցինայի երկու դեղաչափն ապահովում է արդյունավետ պաշտպանություն։

Ինչու՞ երկու դեղաչափ։ Առաջին դոզան ստանալուց հետո կարող են բավարար չափով հակամարմիններ չձևավորվել։ Հետևաբար տրվում է երկրորդ դոզան, ինչը բարձրացնում է պաշտպանվածության մակարդակն ու կարմրուկով հիվանդանալու հնարավորությունը խիստ նվազեցնում։ Նշենք, որ առաջին դեղաչափը տրվում է 1 տարեկանում, մյուսը՝ 4-6։

 

 

Ի՞նչ անել, եթե շփվել եք կարմրուկ ունեցողի հետ

Նման պարագայում հարկավոր է ուշադրություն դարձնել  տարիքին և շփման ժամանակահատվածին։

◾ Եթե երեխան գտնվում է մինչև վեց ամսականների խմբում, ուստի նաև պատվաստված չէ կարմրուկի դեմ, կարող են սահմանել կարանտինային պայմաններ և հետևել բալիկի վիճակին։ 

◾ 6-11 ամսական կոնտակտավոր երեխային հնարավոր է պատվաստել շփմանը հաջորդող 72 ժամվա ընթացքում։ Սա, սակայն, ամերիկյան մոտեցում է, տեղամասային մանկաբույժը կարող է լիովին այլ մոտեցում ցուցաբերել։ Վեց օրը հատելու պարագայում սահմանվում է 21-օրյա կարանտին։

◾ 12 ամսականից մեծ այն երեխաները, որոնք դեռևս պատվաստում չեն ստացել, հիվանդի հետ շփմանը հաջորդող առաջին երեք օրվա մեջ կարող են պատվաստվել։ Չորրորդ օրվանից հետո դա անել հնարավոր չէ, դրվում է կրկին կարանտին։

12 ամսականից մեծ երեխաները, որոնք ունեն մեկ դոզա պատվաստում և ունեցել են հաղորդակցում կարմրուկով հիվանդի հետ, շփումից հետո առաջին երեք օրերին կարող են ստանալ երկրորդ դոզան, եթե, իհարկե, առաջին դոզան ստանալուց անցել է առնվազն 28 օր։

◾ Եթե անհատն իմունիզացված է, այսինքն՝ ունի երկու հաստատված պաստվաստանյութ կամ իմունոգլոբուլին G+ ստատուս, ապա նրա դեպքում հետկոնկտակտային պրոֆիլակտիկան պարտադիր չէ։

 

Հավելենք՝ պատվաստման պատրաստվող մարդիկ, որոնք ունեցել են ալերգիկ դրսևորումներ, անաֆիլաքսիա առաջին դոզայի հետ կապված, պետք է ապայման ասեն բժշկին։

 

 

Նյութը կազմվել է մանկաբույժ Մարի Դարակչյանի ֆեյսբուքյան լայվի հիման վրա