Մանկական Ճոճանակ՝ ձորի բերանին. «Իմ փոքրիկ»-ի ահազանգն ու առաջարկը՝ մայրիկներին

Այս լուսանկարն արված է Երեւանում: Նոր Նորքում է՝ Սբ. Սարգիս եկեղեցու անմիջապես  հարեւանությամբ: Հիմա կմտածեք՝ իսկ ի՞նչ կա որ, ճոճանակ է, որի վրա հրճվանքով ճոճվում է փոքրիկը: Երեւի «Իմ փոքրիկ»-ի  անձնակզմն էլ նույնը կմտածեր, եթե  դիտեր լուսանկարը եւ ոչ թե լուսանկարեր սարսափելի տեսարանը:

Ճոճանակը տեղադրված է ձորի բերանին՝ բառի ուղիղ իմաստով: Այսինքն՝ երեխայի մեջքի ետեւում ձորն է: Եթե, Աստված մի արասցե, փոքրիկը  ճոճվելիս բաց թողնի ձեռքերը եւ հետ գնա, կընկնի Նոր Նորքի ձորակը: Նույնը կպատահի, եթե ճոճանակի շղթաներից մեկը պոկվի: Իսկ եկեք խոստովանենք՝  դա բացառված  չէ, հատկապես որ  կասկածելի է քաղաքը կահավորելու համար օգտագործվող  նյութերի որակը: Բացի այդ, բոլորս ենք հիշում հունիսին  տեղի ունեցած ողբերգական դեպքը. փոքրիկ աղջնակը մահացավ այն բանից հետո, երբ երեւանյան բակերից մեկում ճոճանակի ձողը պոկվեց  ու ընկավ գլխին:

Եվ սա դեռ ամենը չէ. առջեւում էլ փողոցն է: Վայր, որտեղ ամեն րոպե տասնյակ մեքենաներ են  երթեւեւկում:

Հաշվի առնելով, որ այս տեսարանը մեկն է այն հազարավոր տեսարաններից, որոնք  ամեն օր մտահոգում, զարմացնում ու բարկացնում են հայ մայրիկներին՝ «Իմ Փոքրիկ»-ն առաջարկում է ընթերցողներին կիսվել իրենց անհանգստացնող խնդիրներով, որոնք առնչվում են մայրության ու մանկության անվտանգությանը, ապահովությանն ու  առողջությանը:  Ուղարկեք խնդրի կարճ նկարագիրը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին: Ցանկալի է, որ կցված լինի նաեւ լուսանկար: «Իմ փոքրիկ»-ը դրանք կխմբավորի եւ վերոնշյալ ակնարկի տեսքով կհրապարակի ու կտարածի:

Եկեք միասին փորձենք հետամուտ լինել խնդիրների լուծմանը:

Մանկական հավատարմությամբ՝ «Իմ փոքրիկ»