Վտանգավո՞ր է, արդոք, էպիդուրալ անզգայացումը ծննդաբերության ժամանակ. մասնագետի պատասխանները

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի «Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի» ծառայության ղեկավար, բ.գ.թ., անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Աշոտ Վլադիմիրի Ամրոյանը:

 

Ցավո՞տ է, արդյոք, էպիդուրալ անզգայացումը և արդյո՞ք կինն անշարժանում է

Նախապես ցավազրկվում է մաշկը և ենթամաշկը, որից հետո կատարվում է հիմնական սրսկումը, որն արդեն ցավոտ չի լինում: Անշարժանալու հետ կապված պետք է տարանջատել անալգեզիան և անեսթեզիան: Անալգեզիա նշանակում է  անցավ, իսկ անեսթեզիա` զգացողություն: 

Ծննդաբերության ժամանակ կիրառվում է անալգեզիա (ցավազրկում): Ողնուղեղը, որը ցավազրկվում է էպիդուրալ անզգայացմամբ, պատասխանատու է 4 ֆունկցիայի` ցավի, ջերմային ռեակցիայի, շարժունակության և կպչելու զգացողության համար: Ծննդաբերության ժամանակ անզգայացվում է միայն ցավը, մյուսները պահպանվում են: Կեսարյան հատման ժամանակ, երբ կատարվում է վիրահատություն և ստանում են անեսթեզիա, պահպանվում է կպչելու զգացողությունը, քանի որ հիվանդն արթուն է և գիտակցության մեջ, իսկ մյուսներն անջատվում են:

 

Կեսարյան հատման ժամանակ կատարվու՞մ է էպիդուրալ անզգայացում

 

Կեսարյան հատման ժամանակ ցավազրկման ժամանակակից միջոցներ են համարվում ողնուղեղային և էպիդուրալ անզգայացումները: Հիմնականում կեսարյան հատումը կատարվում է ողնուղեղային անզգայացմամբ: Սակայն եթե կինն էպիդուրալ անզգայացման տակ է ծննդաբերության ընթացքում և միացված է կատետր, բայց ինչ-ինչ պատճառներով (ենթադրենք` պտղի զարկերը տուժում են պորտալարի փաթաթման պատճառով) մանկաբարձական իրադրությունը փոխվում է, և կինը պետք է ենթարկվի կեսարյան հատման, ողնաշարը  լրացուցիչ չենք ծակում. արդեն միացված կատետրի միջոցով և էպիդուրալով ներարկվում է այն չափաբաժինը, որով ստացվում է անեսթեզիա, որպեսզի հնարավոր լինի կատարել կեսարյան հատում: 

Ողնուղեղային ցավազրման ժամանակ ցավազրկվում է բուն ողնուղեղը, իսկ էպիդուրալի ժամանակ` ողնուղեղային ներվերի հանգույցները:

 

Էպիդուրալ անզգայացումը վճարովի՞, թե՞ անվճար ծառայություն է

 

Արտասահմանում ծննդաբերությունից առաջ հղի կինը պատվեր է ներկայացնում էպիդուրալ անզգայացման համար, վճարում համապատասխան գումար, այնուհետև կատարվում է ցավազրկում:

Մեր երկրում ծննդաբերությունն անվճար ծառայություն է, իսկ ցավազրկմամբ ծննդաբերությունը` վճարովի: Հղի կինը, որը ցանկանում է ցավազրկվել, վճարում է որոշակի գումար: Տարբեր բուժհաստատություններում գործում է տարբեր գնային համակարգ:

 

Հետագայում կարո՞ղ են առաջանալ մեջքի ցավեր

 

Գիտաբժշկությունը կատարել է հետազոտություն ամբողջ երկրագնդի մասշտաբով: Ըստ հետազոտության տվյալների՝ հետծննդաբերական շրջանի կանանց 76%-ը տառապում է մեջքի ցավերից, բայց պատճառահետևանքային ոչ մի կապ չկա ցավերի և էպիդուրալ կամ ողնուղեղային անզգայացման միջև:

 

Մեջքի ցավն ուղղակիորեն կապ ունի հետծննդաբերական փոփոխությունների հետ: Դրանք են`

 

· Մեխանիկական խնդիրները (1.Կնոջ արգանդը հանգիստ վիճակում` կրճատված ժամանակ, իր բռունցքի չափ է: Հղիության ժամանակ մեծանում, դառնում է 3-4 կգ, այսինքն՝ սկսում է ձգվել, և առաջանում է մեջքի ցավ: 2. Երբեմն կանանց մոտ հետծննդաբերական շրջանում առաջանում են արգանդի և հեշտոցի պատերի իջեցումներ),

 

· Նյութափոխանակության խանգարումները, որոնք տեղի են ունենում կնոջ օրգանիզմում հղիության ժամանակ: Այս ֆիզիոլոգիական խնդիրը հղիությունից հետո երբեմն չի վերանում: Դրան նպաստում են ոչ ճիշտ սննդակարգը, ապրելակերպը:

 

 

· Կալցիումի խնդիրը: Ոսկրային ապարատի համար շատ կարևոր է կալցիումը: Հղիության ժամանակ կալցիումը դուրս է գալիս կնոջ օրգանիզմից և անցնում փոքրիկին, որպեսզի ձևավորվի նրա ոսկրային համակարգը: Հետևաբար, կնոջ մոտ առաջանում է կալցիումի պակաս, որի թիրախ օրգանն է համարվում ողնաշարը: Ուստի, առաջանում են մեջքի ցավեր: