Տաթևիկ Հովհաննիսյանի մոտ 9 տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել: Համապատասխան բուժումից, վիրահատությունից հետո հաղթահարել էր հիվանդությունը: 35 տարեկանում հղիացել և որոշում էր կայացրել լույս աշխարհ բերել երեխային:
7 ամիս առաջ դիմել է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանին: Հաշվի առնելով կնոջ մոտ քաղցկեղի հանգամանքը՝ հրավիրվել է կոնսիլիում՝ ուռուցքաբանների, քիմիաթերապևտի և գինեկոլոգի մասնակցությամբ: Կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները: Քիմիոթերապևտի վերջնական եզրակացությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգի կողմից որոշում է կայացվել շարունակել հղիության վարումը:
Հղիության ամբողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ ուռուցքաբանների, մանկաբարձ-գինեկոլոգի, քիմիոթերապևտի հսկողության տակ: Հղիությունը հասցվել է մինչև 38 շաբաթական և կատարվել է ծննդալուծում` բնական ճանապարհով:
Հղիի նախածննդյան հսկողությունն ու ծննդալուծումը իրականացրել է մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը:
Ծնվել է 47սմ հասակով, 2700 գրամ քաշով առողջ աղջիկ երեխա: Երեխան գտնվել է նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմուքնում՝ նեոնատոլոգ Նազելի Սանոսյանի հսկողության տակ:
Մայրիկն ու նորածին Մարիամն արդեն տանն են։