Ինչպե՞ս երեխայի համար ընտրել դպրոցական պայուսակ․ 6 խորհուրդ

Սեպտեմբերը սարերի հետևում չէ։ Ժամանակն է մտածել դպրոցական պարագաներ գնելու մասին։ Հատկապես եթե Ձեր փոքրիկն առաջին անգամ է դպրոց գնալու, հուզմունքն ու պատասխանատվությունը, իհարկե, շատ մեծ է։

Տետրեր, գրիչներ, մատիտներ, քանոն, ռետին և շատ այլ գրենական պիտույքներ պետք է գնեք փոքրիկի համար, բայց չմոռանաք ամենակարևորի՝ պայուսակի մասին։ Դուք ևս եղել եք դպրոցական և լավ գիտեք, որ դպրոցական պայուսակ կրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ուրեմն՝ եկեք երեխայի համար ընտրենք այնպիսի պայուսակ, որը ծանր, անհարմար չի լինի և չի վնասի երեխայի ողնաշարը։

Այսօր խանութներում կգտնեք տարբեր գույնի, ձևի, չափսի, տեսքի պայուսակներ։ Պայուսակ պետք է ընտրել՝ հաշվի առնելով ոչ թե տեսքը, այլ որակը։ Այնպես որ, պայուսակ ընտրելիս հաշվի առեք երեխայի տարիքը, հասակը, քաշը։

Պայուսակ ընտրելիս ինչի՞ն է պետք առաջնահերթ ուշադրություն դարձնել։

  1. Պայուսակի պիտակի վրա պետք է գրված լինի քաշը։ Ուշադրություն դարձրեք՝ արդյոք այն գերազանցում է 900 գրամը։ Պայուսակը պետք է կշռի 700-800 գրամ:
  2. Պայուսակը պետք է «սկսի» երեխայի ուսերից և «ավարտվի» կոնքի հատվածում։
  3. Երեխային հարցրեք՝ պայուսակը ճնշում չի գործադրում գոտկատեղի հատվածում։ Եթե պատասխանը կլինի այո, հրաժարվեք պայուսակից։ Գրքերով ու տետրերով համալրված պայուսակը էլ ավելի կվնասի երեխային։
  4. Պայուսակի ուսադիրները պետք է պատրաստված լինեն փափուկ կտորից։
  5. Թույլ, անձև պայուսակները կարող են դեֆորմացնել երեխայի ողնաշարը։ Դրա համար օրթոպեդները խորհուրդ են տալիս երեխայի համար գնել պինդ կորպուսով պայուսակներ։ 10-11 տարեկանում երեխայի ողնաշարը համեմատաբար ավելի զարգացած է լինում, հետևաբար կարելի է գնել նաև թույլ և անձև պայուսակներ։
  6. Եթե Դուք մեծ նշանակություն եք տալիս բրենդներին, ապա հիշեք, որ ոչ բոլոր հայտնի բրենդներն են որակյալ արտադրանք ներկայացնում։ Փորձեք դրանցից ընտրել որակյալը։

Հետևե՛ք այս կանոններին և երեխայի համար պայուսակ ընտրելիս առավել մեծ ուշադրություն դարձրեք հարմարավետությանը և ոչ՝ բրենդին կամ տեսքին:

 

Աղբյուրը՝ Vospitaj.com