Արի խաղանք, հայրիկ. Խաղեր հայրիկի և փոքրիկի համար

Փոքրիկիս հայրիկը

Մինչ  հայրիկը զբաղված է ընտանիքի նյութական ապահովմամբ, փոքրիկը ժամանակի հիմնական մասն անցկացնում է մայրիկի հետ: Հայրիկը փոքրիկի հետ կարող է ժամանակ անցկացնել կամ երեկոյան կամ էլ հանգստյան օրերին: Ինչպե՞ս անել, որ փոքրիկն անհամբերությամբ սպասի հայրիկի վերադարձին: Հարկավոր է երեկոյան և հանգստյան օրերի  ժամանակը, որ հայրիկն ու փոքրիկը միասին են անցկացնում, հագեցնել հետաքրքիր խաղերով:

Ահա մի քանի խաղեր, որոնք հայրիկը կարող է խաղալ ինչպես փոքր տարիքի  մանկիկի հետ,

Մինչ  հայրիկը զբաղված է ընտանիքի նյութական ապահովմամբ, փոքրիկը ժամանակի հիմնական մասն անցկացնում է մայրիկի հետ: Հայրիկը փոքրիկի հետ կարող է ժամանակ անցկացնել կամ երեկոյան կամ էլ հանգստյան օրերին: Ինչպե՞ս անել, որ փոքրիկն անհամբերությամբ սպասի հայրիկի վերադարձին: Հարկավոր է երեկոյան և հանգստյան օրերի  ժամանակը, որ հայրիկն ու փոքրիկը միասին են անցկացնում, հագեցնել հետաքրքիր խաղերով:

Ահա մի քանի խաղեր, որոնք հայրիկը կարող է խաղալ ինչպես փոքր տարիքի  մանկիկի հետ, այնպես էլ փոքրիկի հետ, որն արդեն սովորել է քայլել ու խոսել:

Հեքիաթային լոգանք

Ձեր փոքրիկը սիրո՞ւմ է լողանալ: Հրաշալի է: Երեկոյան փոքրիկի համար հեքիաթային լոգանք կազմակերպեք. լոգարանը վերածեք օվկիանոսի, որտեղ ապրում են զանազան ձկնիկներ, ջրի երեսին լողում են բադիկներ, անգամ նավակներ: Որևէ սյուժե մտածեք ու այն իրագործեք, օրինակ, թող խաղալիքները լինեն ծովահեններ, իսկ փոքրիկը՝ նավի կապիտանը: Կամ, օրինակ, ձկնորսությամբ զբաղվեք:

Խաղը զարգացնում է փոքրիկի երևակայությունը, ուշադրությունը և աշխարհայացքը:

Առաջ, իմ ձիուկ

Բոլոր երեխաներն էլ սիրում են  զբոսնել հայրիկի վրա նստած: Փոքրիկի հետ «ձիով» զբոսանք կազմակերպեք. այս դեպքում հայրիկը դառնում է ձին, փոքրիկը՝ հեծյալը: Սենյակով մի լավ ձիով զբոսնելուց հետո փոքրիկը կարող է նրան ջուր տալ, կերակրել: Իսկ հայրիկն էլ, իհարկե, պետք է դերի մեջ մտնի:

Այս խաղն օգնում է փոքրիկին կողմնորոշվել և զարգացնում է շարժումների  ճկունությունը:

Հրաշալի լաբիրինթոս

Լաբիրինթոսի միջոցով կարող եք բազմազան դարձնել տիկնիկներով կամ մեքենաներով խաղը: Գրքերից և զանազան տուփերից լաբիրինթոս ստեղծեք: Իսկ հետո փոքրիկի հետ տիկնիկներով կամ ավտոմեքենաներով զբոսանքի դուրս եկեք լաբիրինթոսով: Ձեր խնդիրն է ճիշտ ուղին գտնել և դուրս գալ լաբիրինթոսից: Խաղի ավարտին կարող եք մեկ այլ խաղ սկսել. ով ավելի արագ կհավաքի խաղալիքները: Այսպիսով ձեր հետևից նաև խաղալիքները կհավաքեք:

Այս խաղը կզարգացնի փոքրիկի ուշադրությունը, կոնկրետ իրավիճակներից ելք գտնելու ունակությունը:

Ես օդաչու եմ

Ոպես կանոն, փոքրիկները սիրում են, երբ հայրիկները նրանց օդ են թռցնում:  Հայրիկը կարող է նաև փոքրիկին «թռչել» սովորեցնել, օրինակ՝  թևերը բացած իր մեջքին տանելով: Թող օդաչու փոքրիկը ինքնաթիռի ուղևոր հայրիկին պատմի, թե ինչ է տեսնում ինքնաթիռի պատուհանից:

Այս խաղը զարգացնում է  փոքրիկի պատկերավոր մտածողությունը, շարժումների կոորդինացիան և խոսքը:

Աստղալից երկինք

Փոքրիկին պատմեք աստղերի և համաստեղությունների մասին, երեկոյան երկինքն ուսումնասիրեք,  հետո փորձեք միասին աստղեր, երկնաքարեր  և համաստեղություններ նկարել, իսկ հետո չմոռանաք անվանակոչել դրանց:

Խաղը զարգացնում է փոքրիկի ստեղծագործական ունակությունները, երևակայությունը և մանր մոտորիկան:

Ով է առաջինը

Այս խաղի համար պիտանի է ցանկացած առիթ. ով առաջինը կուտի ապուրը, կգտնի գնդակը, կհավաքի խաղալիքները և այլն: Բայց հիշեք, որ փոքրիկը միշտ  պետք է լինի այս խաղի հաղթողը:

Զարգացնում է տրամաբանությունը, կոորդինացիան և այլ ունակությունները, կախված խաղի բնույթից:

Գնդակ-գնդակ

Գնդակով խաղալ սիրում են բոլոր փոքրիկները: Բայց այն կարելի է բազմազան դարձնել, օրինակ՝ գնդակը միմյանց գլորելով փոքրիկին արդեն ծանոթ երևույթներ կամ առարկաներ անվանեք, նույնը և փոքրիկը պետք է անի ի պատասխան,  օրինակ՝ մրգերի անվանումներ, կենդանիների անվանումներ, քաղաքներ: Խաղի բարդությունը կախված է երեխայի տարիքից և բառապաշարից:

Այս խաղը զարգացում է  երևակայությունը, մանր մոտորիկան, շարժումների կոորդինացիան և ճկունությունը:

Գանձեր որոնողները

Եթե փոքրիկի համար գնել եք խաղալիքը, որի մասին նա երազում էր, այն մանկիկին հանձնելու հետաքրքիր ձև մտածեք: Օրինակ, փոքրիկին ասեք, որ  տանը  գանձ կա, որը պետք է գտնեք: Միասին սկսեք փնտրտուքները: Մանկիկին պատմեք պատմություններ գանձ որոնողների մասին: Որպես պարգև որոնումների համար փոքրիկը կստանա տուփ՝ վրան գանձ գրությամբ, որի մեջ էլ, իհարկե, խաղալիքն է, որ գնել եք փոքրիկի համար:

Խաղը զարգացնում է երևակայությունը, տրամաբանությունը, որևէ իրավիճակից ելք գտնելու ունակությունը:

Մանկիկի հետ խաղերը հատուկ գիտելիքներ կամ հմտություններ չեն պահանջում: Պարզապես պետք է ցանկություն ունենաք ձեր մանկիկի հետ ժամանակ անցկացնել:

Հաճելի ժամանց  փոքրիկի հետ: