Նորածնի քաշը. ինչպես հետևել փոքրիկի քաշի ավելացմանը

Փոքրիկի կյանքի առաջին վեց ամիսներին նրա միակ սնունդը մայրական կաթն է կամ արհեստական կաթնախառնուրդը:

Փոքրիկի քաշի ավելացմամբ, նրա ընդհանուր վիճակով, կղանքի և միզարձակման քանակությամբ կարելի է որոշել`արդյոք նրա սնունդը բավարար է: Փոքրիկին կարելի է կշռել բժշկին այցելության ժամանակ կամ տանը:

Ինչպե՞ս որոշել փոքրիկի քաշի ավելացումը

Որպես հիմք պետք է ընդունել ոչ թե քաշը, որով փոքրիկը ծնվել է, այլ նրա բժշկական քարտում նշված նվազագույն քաշը, որտեղ հաշվարկված է նաև ծնվելուց հետո քաշի ֆիզիոլոգիական կորուստը: Որպես կանոն, բավարար է փոքրիկին շաբաթական մեկ անգամ կշռելը, իսկ ութ շաբաթականից հետո արդեն ամսական մեկ անգամ կշռելը լրիվ բավարար է:

Ինչպե՞ս վարվել, եթե փոքրիկը դանդաղ է քաշ հավաքում

Հարկավոր է որոշել, թե արդյոք ճիշտ է կազմակերպվում փոքրիկի սնուցումը`արդյոք նա բավարար հաճախականությամբ է սնվում (օրական առնվազն  8-12 անգամ),  արդյոք կրծքի մոտ մնում է այնքան, որքան ուզում է, արդյոք ճիշտ կերպով է նրան կուրծքը մատուցվում և որքանով է ճիշտ ծծում կաթը: Խնդիրների մեծամասնությունը մայրիկը կարող է լուծել ինքնուրույն կամ էլ կրծքով կերակրման մասնագետի աջակցությամբ: Եթե պարզվի, որ լրացուցիչ սննդի կարիք կա, մանկաբույժը համապատասխան նշանակումներ կանի:

Արդյո՞ք պետք է փոքրիկին կշռել կերակրելուց առաջ և հետո

Ո՛չ, պետք չէ: Կարևոր չէ, թե որքան կաթ է փոքրիկը ստացել մեկ կերակրման ընթացքում, այլ կարևոր է, թե որքանն է նա յուրացրել: Փոքրիկն ամեն անգամ կարող է տարբեր քանակությամբ կաթ ուտել, կամ սնվելիս կարող է միզարձակում տեղի ունենալ, ինչը կազդի քաշի վրա, եթե որոշեք սնվելուց առաջ և հետո կշռել նրան: Իրականում շաբաթական մեկ անգամ կշռելը բավարար է: Իսկ եթե կասկածներ ունեք քաշի վերաբերյալ, նրան կշռեք նույն կշեռքի վրա, նույն հագուստով, շաբաթը մեկ պարբերականությամբ:

Որքան պետք է ավելանա փոքրիկի քաշը

Կյանքի առաջին չորս-հինգ ամիսներին նորմալ է համարվում քաշի ավելացումը շաբաթական 125-215 գրամով: Դրանից հետո քաշի ավելացումը դանդաղում է, քանի որ փոքրիկը սկսում է ակտիվ շարժվել:

Արդյո՞ք վտանգավոր է քաշի  ավելցուկը նորածինների մոտ

Եթե փոքրիկը մեծ տեմպերով է քաշ հավաքում, ու նրա ցուցանիշները կտրուկ տարբերվում են ընդունված նորմերից, ցանկալի է մանկաբուժի հետ խորհրդակցել ու նաև փոքրիկին հետազոտության տանել. հնարավոր է, որ նրա մոտ առկա լինեն էնդոկրին, սիրտանոթային համակարգի կամ երիկամային հիվանդություններ:

 

Նյութը՝ ըստ mama.ru կայքի