Ի՞նչ է իրենից ներկայացնում պատվաստանյութը՝ վակցինան
Վակցինան բժշկական կամ անասնաբուժական պրեպարատ է՝ ուղղված ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ իմունիտետ ստեղծելուն:
Վակցինան պատրաստվում է սպանված կամ թուլացված միկրոօրգանիզմներից, նրանց կենսագործունեության արգասիքներից կամ անտիգեններից՝ ստեղծված գենային ինժեներիայով կամ քիմիական ճանապարհով:
Ինչի՞ն է ծառայում պատվաստանյութը՝ վակցինան
Վակցինան խթանում է ադապտիվ իմուն պատասխանը օրգանիզմում՝ առաջացնելով հատուկ հիշողության բջիջներ: Արդյունքում՝ օրգանիզմի հաջորդ ինֆեկցումը բերում է կայուն և առավել արագ իմուն պատասխանի, հետեւաբար հիվանդություն չի զարգանում:
Մահացու հիվանդությունների դեմ միջոց հայտնաբերելու փորձերը մարդկությունը ձեռնարկել է շատ վաղուց: Հին ժամանակների ամենահաջող փորձերը եղել են բնական ծաղիկի դեմ: Հենց նրանք են դարձել ժամանակակից վակցինացիայի հիմքը:
Ինչպես հայտնի է, ամենամեծ մարդկային կորուստները եղել են ոչ թե պատերազմների կամ սովի, այլ հենց ամենասարսափելի էպիդեմիաների հետեւանքով:
Ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել պատվաստանյութը. հետաքրքիր պատմություն
Վակցինացիայի պատմության շրջադարձային փուլը կապված է անգլիացի բժիշկ Է. Ջեների (1749-1823) անվան հետ: Նա նկատեց, որ գյուղացիները, որոնք պարբերաբար վարակվում էին կովի ծաղիկով, երբեք չէին հիվանդանում «մարդկային» ծաղիկով: Ջեները ենթադրեց, որ կովի ծաղիկը հանդիսացել է պաշտպանություն՝ բնական ծաղիկի դեմ և կատարել է այն ժամանակների համար հեղափոխական քայլ. նա կթվորուհու ձեռքի բշտիկներում պարունակվող հեղուկը ներարկել է 8-ամյա Ջեյմս Ֆիփսին: Տղային բնական ծաղիկով վարակելու հետագա բոլոր փորձերը ձախողվեցին:
XVIII դարի կեսերին դեռ ոչինչ հայտնի չէր ինֆեկցիայի հարուցիչների և իմունիտետի մասին: Այդ պատճառով բժիշկ Էդվարդ Ջեները չկարողացավ գիտականորեն հիմնավորել իր փորձը, և միայն 100 տարի հետո Ֆրանսիացի գիտնական Լուի Պաստերին հաջողվեց կատարել մեծ առաջընթաց բժշկության և մասնավորապես իմունոլոգիայի մեջ: Նա առաջինն էր, ով ապացուցեց, որ հիվանդություները, որոնք հիմա կոչվում են ինֆեկցիոն, զարգանում են միկրոբներից, որոնք ներթափանցում են օրգանիզմ արտաքին միջավայրից: Այս հանճարեղ բացահայտումն ընկավ ասեպտիկայի և անտիսեպտիկայի հիմքում՝ տալով նոր ճյուղ վիրաբուժությանը, մանկաբարձությանը և ամբողջ բժշկությանը: 1881 թ.-ին նա ստեղծեց վակցինա սիբիրյան խոցի դեմ, իսկ 1885 թ.-ին՝ կատաղության դեմ, որը 100% դեպքերում բերում էր մահվան: Հենց Լուի Պաստերն է առաջարկել այդ պրեպարատներն անվանել վակցինա, իսկ նրանց կիրառման պրոցեդուրան՝ վակցինացիա (լատ. Vacca - կով):
Լ. Պաստերը և իր համախոհները, ինչպես նաև բժիշկ Ջեները, ստիպված էին պայքարել ինֆեկցիոն հիվանդությունների պրոֆիլակտիկայի նոր մեթոդի համար: Նրա փորձերը կասկածի տակ էին առնում և քննադատում էին նրան գիտական հայացքների համար: Պաստերը ստեղծեց մանրէաբանության համաշխարհային դպրոց, նրա աշակերտներից շատերը դարձան մեծագույն գիտնականներ: Նրանց են պատկանում 8 Նոբելյան մրցանակներ:
Հոդվածը պատրաստել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը
Շարունակելի