Փոքրիկը, լույս աշխարհ գալով, փոխում է կնոջն ու տղամարդուն՝ դարձնելով նրանց ծնողներ:
«Տարօրինակ» զգացողությունները ծնվում են դեռևս այն պահին, երբ կինն աշխարհի լավագույն նորությունն է հայտնում տղամարդուն՝ «շնորհավորում եմ, դու հայրիկ ես դառնալու»: Կնոջն, իհարկե, սպասվում է բարդ, բայց միևնույն ժամանակ երջանիկ ժամանակահատված: Երբ կողքից դիտում ենք, մեզ թվում է՝ միայն նրա համար են պահերը դժվարին: Մինչդեռ ապագա հայրիկն էլ կարող է ունենալ հուզական ապրումներ, սակայն չբարձրաձայնել ու չարտահայտել: Իսկ թե ինչպես են բաշխվում դերերն ընտանիքում և ինչու է հայրիկի դերն այդքան կարևոր, «Իմ փոքրիկ»-ին պատմել է հոգեբան Անի Ապիտոնյանը:
Հայրիկի ու մայրիկի զգազողությունները. հակադիր բևեռներու՞մ, թե՞...
«Ողջ սենյակը տակնուվրա է արել», «Լաց մի՛ եղիր, խնդրում եմ», «Չեմ կարող փոխել տակդիրը, չհամոզես», «Գնանք հայրիկին դիմավորելու», «Կներես, մոռացել եմ փոքրիկի համար նոր շիշ գնել», «Քեզ հետ բոլոր մուլտերն այնքան եմ դիտել, որ անգիր եմ արել». սրանք միայն մի քանի կարճ դրվագներ են այն ընտանիքների առօրյայից, որտեղ երեխա կա: Ընտանիքում կատարում են դերաբաշխում, բայց երեխայի մասին հոգ տանում համատեղ ջանքերով: Ժամանակ առ ժամանակ զայրանում են, ապա գրկում փոքրիկին և հաստատում՝ նա իրենց մեծագույն պարգևն է: Մայրիկներն առավել շուտ են կողմնորոշվում:
Այսպիսի համեմատությամբ է սկսում Անի Ապիտոնյանը ծնողների ներքին աշխարհների բնութագրումը: «Մայրիկը, երեխային ամիսներ շարունակ կրծքի տակ կրելով, ավելի հեշտ է հարմարվում նոր իրադրությանը։ Տղամարդու մոտ կարող է տագնապն առավել մեծ լինել: Երբեմն նրա մոտ ծագում են հարցեր՝ «ի՞նչ պետք է անեմ», «ինչպե՞ս վաստակեմ համապատասխան գումար», «ինչպե՞ս վարվեմ, որ չվնասեմ», «կկարողանա՞մ հաստատ» և այլն»,- ասում է նա: Նրա խոսքով՝ պատահում է նաև հակառակ իրավիճակը, երբ տղամարդն է ամբողջովին մտնում հայրական դերի մեջ և տագնապներ ունենում է մայրը։ Հայրիկ դառնալու մտքեր տղաներն ունենում են փոքր տարիքից։ Անի Ապիտոնյանի խոսքով՝ այստեղ շատ կարևոր է, թե տղան ինչպիսի հարաբերություններ ունի մոր հետ՝ փոխադարձ հուզական, հոգատար, թե միակողմանի հոգատարություն մոր կողմից: Էական է, թե ինչպիսի հայրական մոդել է տղան տեսնում։ Այդ ամենի համակցությունից էլ ծնվում է ապագա հայրիկը:
«Երբեմն նկատվում է այն մոտեցումը, որ հայրիկը միայն ֆինանսական մասի ապահովողն է, մնացյալ հարցերով զբաղվում է մայրիկը»,- ընդգծում է Անի Ապիտոնյանը: Ընդհանուր առմամբ, տղամարդը հայր դառնալու մտքից, երեխայի ծննդից հետո կարող է ավելի էմոցիոնալ, նրբանկատ դառնալ: Փորձում է լսել երեխաների խորհուրդները, դառնալ նրանց ցանկություններն իրագործողը։ Սա մեծ պատասխանատվություն է նրա համար:
Շարունակելի։
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան