«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրը ներկայացնում է, թե ինչ է նորածնային թոքաբորբը, որ դեպքում և ինչպես է զարգանում․
Այն սուր վարակիչ հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում թթվածնի անցման խանգարում դեպի արյան հուն և կարևոր օրգան համակարգեր: Նորածնային թոքաբորբերը լինում են բնածին և ձեռքբերովի, կարող են զարգանալ ներծննդային, ներարգանդային և հետծննդային շրջանում` տարբեր պատճառներից:
Լինում են վիրուսային, մանրէական, պարազիտային, սնկային, միկոպլազմային, խառը:
Համալսարանական մասնագետները նշում են, որ հիվանդության զարգացման համար մեծ նշանակություն ունի նորածնի օրգանիզմի ռեակտիվականության փոփոխությունը, որը կարող է առաջանալ տարբեր անբարենպաստ գործոններից՝ մոր հիվանդությունից, ախտաբանական հղիությունից և ծննդաբերությունից, սնուցման խանգարումից, սառեցումից և բազմաթիվ այլ պատճառներով։ Չափազանց կարևոր է հղիության առողջ ընթացքը:
Թոքաբորբերը զարգանում են նորածնի կյանքի առաջին օրերին, բայց կլինիկորեն կարող են արտահայտվել կյանքի 5-րդ և հետագա օրերին։
Ախտանշաններից են ջերմաստիճանի բարձրացումը, փսխումը, որովայնի փքվածությունը, հևոցը, հազը և այլն:
Բուժումը լինում է համալիր, որը ներառում է դեղերը և այլ պրոցեդուրաներ։ Բուժման ընթացքում կարևոր նշանակություն ունի աերոթերապիան (օդաբուժություն), օքսիգենոթերապիան (թթվածնային բուժում) և այլն: