Ներկայացնում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան:
Քնի հորմոն մելատոնինի սինթեզի մեկնարկը տրվում է 19:30-21:00-ի հատվածում և իր գագաթնակետին հասնում մինչև 00:00, դրանից հետո սկսում է կամաց-կամաց իջնել: Հետևաբար ամենից որակյալ ու վերականգնող քունը 20:00-24:00-ն է, ինչից հետո մեծանում է մակերեսային քնի չափաբաժինը: Մինչև 4 ամսական բալիկները դուրս են այս կանոնից, քանի որ նրանց քնի կառուցվածքը տարբերվում է մեծահասակների քնի կառուցվածքից: Նրանց օրգանիզմը դեռ ունակ չէ մելատոնին սինթեզել:
Պարզվում է, որ սննդի, տվյալ դեպքում կրծքի կաթի, կաթնախառնուրդի, հետագայում կոշտ սննդի միջոցով երեխայի օրգանիզմ է ներթափանցում տրիպտոֆանը, որից բնական լույսի անմիջական ազդեցությամբ սինթեզվում է սերոտոնինը, իսկ մթության պայմաններում սերոտոնինից սինթեզվում է մելատոնինը: Հետազոտություններն էլ ցույց են տվել, որ ի սկզբանե երեխայի օրգանիզմը դեռևս պատրաստ չէ ինքնուրույն սինթեզել մելատոնին հորմոն, այդ իսկ պատճառով բավարարվում է այն քանակով, որը նրան պորտալարի օգնությամբ փոխանցվել է մոր օրգանիզմից:
Մոտավորապես 6 շաբաթականից սկսած՝ փոքրիկների օրգանիզմն արդեն իսկ ընդունակ է արտադրել իր սեփական մելատոնինը մթության պայմաններում: Եթե բալիկին քնեցնում են լույսի ներքո, նախ` աչքի ցանցաթաղանթն է գրգռվում: Տեսանյարդի անմիջապես վերևում գտնվում է սուպրախիազմատիկ հանգույցը: Այն իմպուլս է ուղարկում հիպոթալամուս (կենսաբանական ժամացույցի ղեկավար գոտի), որ պետք չէ մելատոնինի արտադրություն, քանի որ լույս է: Մելատոնինի սակավությունը, սինթեզի բացակայությունն անմիջականորեն ազդում են քնի որակի վրա: