Մոր և երեխայի շփումը սկսվում է դեռ մինչև փոքրիկի լույս աշխարհ գալը: Հոգեբանները պնդում են, որ նույնիսկ հղիության վաղ շրջանում երեխան զգում է մոր տրամադրությունը, նրա էմոցիաները, ցանկությունները:
Ծնվելուց հետո երեխայի աշխարհը կտրուկ փոխվում է: Այն ամենը, ինչ տեսնում ու զգում է, նորություն է նրա համար. ձայներ, առարկաներ, մարդիկ:Նոր շրջապատում նրան ծանոթ է միայն մայրը, ում հետ և իրեն պաշտպանված է զգում: Փոքրիկի համար ամենակարևորն այն է, որ իմանա` մայրիկն իր կողքին է և սիրում է իրեն: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է շփումը նորածնի հետ:
Ժամանակակից հոգեբանները վստահեցնում են, որ նորածինները շատ էմոցիոնալ են:
Ծնվելուց արդեն 7-12 շաբաթ հետո փոքրիկը առաջին անգամ գիտակցաբար ժպտում է: Նա երջանիկ է, որ ԴՈՒՔ իր կողքին եք, խոսում եք իր հետ կամ պարզապես նայում:
Հետևելու դեպքում կնկատեք, որ ժպիտը կերակրելուց հետո և ուրախ խաղերի ժամանակ տարբեր են: Առաջինը տաք և խաղաղ ժպիտ է, երկրորդը` կրակոտ: Երկարատև հետազոտությունների արդյունքում հոգեբանները տարբերակում են մանկական ժպիտի 70 տեսակ: Ուշադիր հետևեք երեխային և հեշտությամբ կհասկանաք, թե ինչ է ուզում ասել :
Փոքրիկը շատ է շփվում և դրանից հաճույք է ստանում: Պետք չէ թերագնահատել երեխային և մտածել, թե դեռ շատ փոքր է ինչ-որ բան հասկանալու համար: Նա, իհարկե, բառերի իմաստը չի հասկանում, սակայն շատ լավ զգում է տրամադրությունը և խոսքի ինտոնացիան:
Ժամանակակից մանկաբույժները պարզել են, որ լացը վնասակար է երեխայի համար/ նախկինում լացը օգտակար էր համարվում/: Լացը թուլացնում է երեխայի նյարդային համակարգը և նրան «ապացուցում», որ շրջակա աշխարհն այնքան էլ բարեհամբույր ու անվտանգ չէ: Ուստի աշխատեք այնպես անել, որ երեխան հնարավորինս քիչ լացի, բացի այդ նորածնի հետ շփմանն ավելի շատ ժամանակ հատկացրեք:
Հաշվի առեք, որ կյանքի առաջին երեք ամիսներին երեխան շատ է լացում: Սա բացատրվում է նրանով, որ լացը, գոռոցը երեխայի համար ուշադրությունն իր վրա գրավելու և մեծերին ինչ-որ բան հասկացնելու հիմնական միջոցն է:
Նորածնի լացի հիմնական պատճառներն են.
-քաղցի զգացումը
-եղանակին արձագանքը
-անհարմարավետության զգացումը /թաց շոր, վառ լույս, ցուրտ և այլն/
-մայրը կողքին չէ
-ցանկություն ունի հայտնվել մոր գրկում և իրեն ապահով զգալ:
Անկախ լացի պատճառից աշխատեք շուտ արձագանքել և երեխային գրկել, օրորել: Քանի դեռ երեխան չի հանգստեցել, մի իջեցրեք գրկից:
Որպեսզի երեխան առողջ մեծանա, կարևոր է ոչ միայն նրա հանդեպ ձեր վերաբերմունքը, այլև ընտանիքում տիրող մթնոլորտը: Եթե կա կոնֆլիկտ, ծնողների միջև կա լարվածություն, երեխան դա զգում է, ինչը և անդրադառնում է նրա ֆիզիկական և հոգևոր առողջության վրա: