«Առողջապահություն» ամսագիրն իր մշտական «ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ» խորագրում ընթերցողին է ներկայացնում բուժման արդեն հնացած մեթոդները, որոնք սխալ է կիրառել մեր օրերում, և ժամանակակից բժշկությունը խստորեն արգելում է: Ձեզ ենք ներկայացնում մանկաբույժ, «Արաբկիր» ԲՀ-ի Բոքսային բաժանմունքի վարիչ Հրաչուհի Ղազարյանի պնդումը ջերմիջեցնող դեղամիջոցների սխալ կիրառման վերաբերյալ:
Մարմնի ջերմաստիճանի բարձրացումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է՝ ուղղված հիվանդության կամ վարակի դեմ: Ջերմիջեցնող դեղամիջոց կիրառելիս պետք է հիշել, որ երեխայի ջերմության իջեցումը չի բուժում հիմնական հիվանդությունը, պարզապես նվազեցնում է բարձր ջերմությամբ պայմանավորված անհարմարությունը:
Ջերմիջեցնող դեղամիջոց երեխային անհրաժեշտ է տալ միայն այն դեպքում, երբ նրա ինքնազգացողությունը վատ է: Որոշ երեխաներ բարձր ջերմության ժամանակ կարող են ունենալ ջերմային ցնցումներ, սակայն պետք է նշել, որ ջերմիջեցնողների օգտագործումը չի կանխում ցնցման առաջացումը: Ջերմիջեցնող դեղամիջոցները պարունակում են կամ ացետամինոֆեն (պարացետամոլ), կամ իբուպրոֆեն: Մինչև վեց ամսական երեխաների շրջանում ջերմիջեցման նպատակով թույլատրվում է օգտագործել միայն Ացետամինոֆեն պարունակող դեղամիջոցներ: Ավելի մեծ երեխաներին, որպես ջերմիջեցնող, կարելի է տալ նաև Իբուպրոֆեն պարունակող պատրաստուկներ:
Մինչև 16 տարեկանը չի կարելի ջերմության բարձրացման ժամանակ օգտագործել Ասպիրին, քանի որ կարող է հանգեցնել խիստ վտանգավոր խնդրի՝ լյարդի ախտահարման:
Ջերմիջեցնողներ կարելի է օգտագործել ինչպես օշարակի, մոմիկի, այնպես էլ հաբի ձևով` կախված երեխայի տարիքից:
Ջերմիջեցնող դեղամիջոցների անտեղի, սխալ օգտագործման կամ չարաշահման դեպքում կարող են առաջանալ վտանգավոր կողմնակի դրսևորումներ, որոնք կանխելու համար խիստ պարտադիր է դեղի ճիշտ դեղաչափի պահպանումը` կախված երեխայի տարիքից և քաշից:
Աղբյուրը՝ doctors.am