Երբ ցանկանում եք «նվիրել» երեխային մի փունջ առողջություն, ապա պետք է առաջարկեք նրան փորձել ավոկադո։ Ավոկադոն հարուստ է B խմբի վիտամիններով, հետևաբար դրա օգտագործումից հետո փոքրիկը կարող է դառնալ առավել հանգիստ և հավասարակշռված։ Այս միրգը նպաստում է բալիկի մկանների զարգացմանը, ինչպես նաև ախորժակի բացմանը՝ հետաքրքրություն առաջացնելով նույնիսկ քմահաճ, ափսեի կողմը չնայող փոքրիկների մոտ։ Մենք ունենք ավոկադայով առողջարար նախաճաշի բաղադրատոմս, որը նախատեսված է 2-3 տարեկանների համար ու որտեղ առկա են բալիկի օրգանիզմին անհրաժեշտ այլ կարևոր բաղադրիչներ։ Պատրաստելու համար առանձնացնում ենք՝
✓ կես ավոկադո
✓ 2 հատ փոքր գազար
✓ Կես կարմիր պղպեղ
✓ 1 հատ ձու
✓ Հաց (ցանկալի է սև)
✓ Ձիթապտղի ձեթ
✓ Քաղցր պղպեղի փոշի
Ի՞նչ ենք անում
Ձուն խաշում ենք նվազագույնը 10 րոպե։ Եփելուց հետո այն մաքրում ենք ու տեղավորում փոքր, խորը ամանի մեջ։ Վերցնում ենք ուրիշ ափսե և մի կողմում դասավորում ձողիկաձև կտրատված գազարն ու պղպեղը։ Հացի կլոր կտորների վրա կաթեցնում ենք ձիթապտղի ձեթ, շարում ավոկադոյի կիսալուսնաձև կտորներն, ապա վրան պղպեղի փոշի ցանում։ Այդպիսով երեխայի համեղ և գեղեցիկ նախաճաշը պատրաստ է։ Կարող ենք մատուցել։
Բարի ախորժակ



