«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Արաբկիր» ԲԿ-ի մաշկաբանական ծառայության ղեկավար Արմինե Ադիլխանյանի հետ։
Երբեմն մի քանի ամսական բալիկների գլխամաշկին հնարավոր է նկատել թեփանման երևույթ։ Ի՞նչը կարող է փոքրիկի մոտ դրա առաջացման պատճառ լինել։ Վաղ մանկական հասակի երեխաների շրջանում գլխամաշկի թեփոտման ամենից հաճախ հանդիպող պատճառներից է սեբորեային մաշկաբորբը։ Սովորաբար այն սկսվում է կյանքի առաջին ամիսներին և անցնում մինչև 1 տարեկանը։ Դրսևորվում է գլխի մաշկին դեղնավուն թեփուկների ու կեղևիկների առաջացմամբ։ Կարող է ուղեկցվել ծալքերի զարգացմամբ, հատկապես՝ տակդիրի շրջանի ախտահարմամբ։ Քոր գրեթե չի դիտվում։
Հաջորդ տարածված հիվանդությունը, որը հանգեցնում է թեփոտման, ատոպիկ մաշկաբորբն է։ Դա սկսվում է մի փոքր ավելի ուշ, քան սեբորեային մաշկաբորբը, մոտ 3-6 ամսականում։ Բնորոշ նշաններից են մաշկի չորությունը և քորը, որոնց պատճառով երեխան լինում է անհանգիստ, քունը խանգարվում է։ Դրսևորման հարցում շատ կարևոր է ժառանգական գործոնը։ Լինում են նաև թեփի այլ պատճառներ, օրինակ՝ փսորիազը, իխթիոզը, սնկային ախտահարումը։
Ընդհանուր բուժումը կախված է խնդրի բնույթից։ Սեբորեային մաշկաբորբը հիմնականում հատուկ բուժում չի պահանջում։ Խորհուրդ է տրվում օգտագործել փափկացնող շամպուններ ու լոգանքի միջոցներ։ Լոգանքից մի քանի ժամ առաջ կարելի է քսել մանկական յուղեր և լոգանքի ընթացքում նուրբ մերսել, որպեսզի կեղևիկները դուրս գան։ Բարդ դեպքերում պարտադիր պետք է դիմել մանկական մաշկաբանի՝ դեղորայքային բուժման նշանակման համար։ Երբեք ինքնաբուժմամբ զբաղվել չի կարելի։ Սովորական թեփի դեմ կիրառվող շամպունները չեն թույլատրվում փոքրիկներին։ Եթե կարիք կա հատուկ բուժական շամպունի, անպայման խորհրդակցել է պետք բժշկի հետ։