Որո՞նք են դեռահասության ճգնաժամի յուրահատկությունները և ի՞նչ մոտեցում պետք է ցուցաբերեն ծնողները - մաս 1

3-6տարեկան

Դեռահասության շրջանը հաճախ անվանում ենք «դժվար տարիք»։ Ինչու՞։ Նախ՝ այդ ժամանակահատվածում երեխայի մոտ առաջ են գալիս զանազան փոփոխություններ։ Գալուստ Գյուլբենկյանի անվան N:190 ավագ դպրոցի հոգեբան Ասյա Անտոնյանը նշում է, որ տվյալ փոփոխությունները կարելի է բաժանել երեք խմբի․

 

1 Ուղեղի կառուցվածքային-ֆունկցիոնալ

Դեռահասի առաջ կարող են դրվել շատ պահանջներ, այնինչ նեյրոհոգեբանության և հոգեբանության մի շարք հետազոտություններից պարզ է դարձել, որ ճակատային բուլթը, որը կամքի ուժի կենտրոնն է համարվում, 13 տարեկանների և 17 տարեկանների մոտ տարբերվում է զարգացման մակարդակով, այսինքն՝ ինքնակառավարման պահանջները վաղ դեռահասների համար ավելի դժվար են կատարվում, քան ուշ դեռահասների մոտ։  

Արգելակվածությունը կամ շատ բուռն արձագանքները նույնպես ունեն իրենց կենսաբանական պատճառները։  Պարզապես լիմբիկ կենտրոնը, որը պատասխանատու է մեր հույզերի համար, դեռևս ամուր կապերով կապված չէ ճակատային բլթի հետ։  Այսինքն՝ հույզերի և կամքի կապը դժվարացած է։  

 

2Հորմոնային

Օրգանիզմում արտադրվող մեծ քանակությամբ հորմոնները, ստեղծվող հորմոնալ դիսբալանսը օրգանիզմի համար նոր երևույթներ են։ Տղաների մոտ ավելանում է տեստոստերոնի քանակը, որից դառնում են ավելի առնական, ագրեսիվ։ Աղջիկների մոտ մի շարք կանացի հորմոններ են ավելանում, ինչից էլ նրանք դառնում են ավելի հուզական և կանացի։  Կարող են խախտվել սերոտոնինի և դոֆամինի սինթեզները։

 

3Մարմնային

Այս շրջանում արագորեն տեղի են ունենում մարմնային փոփոխություններ, և այդ նոր մարմինը դեռահասի համար նույնպես պահանջում է ադապտացիոն շրջան։ Երեխաները սկսում են շատ կենտրոնանալ մարմնի փոփոխությունների վրա, իրենք իրենց դուր չեն գալիս, տատանվում է ինքնագնահատականը և սկսում են բուռն արձագանքել  շրջապատող մարդկանց կողմից իրեն վերագրվող գնահատականներին, քննադատություններին և նկատողություններին։ Այս ինտենսիվ աճը բերում է նաև գերհոգնածության զգացման։  

 

Հիմա, երբ պարզ է՝ ինչ փոփոխություններ են կատարվում դեռահասի մոտ, հարկ է հասկանալ՝ հետաքրքրությունների ի՞նչ շրջանակ է նա ձևավորում, ինչպիսի՞ վարքագիծ ցուցաբերում, և ինչպե՞ս պետք է մոտենան այդ ամենին ծնողները։

Սկզբում երեխայի հետաքրքրությունների շրջանակը պայմանավորված է լինում ընտանիքում առկա արժեքներով, բայց ժամանակի ընթացքում նրա համար կարևոր են դառնում արդեն այլ խմբեր։ Ցանկալի է՝ դեռահասը տարբեր խմբերում ներառված լինի, ունենա ընտրության հնարավորություն։ Բացի այդ, հարկավոր է հիշել՝  ընտանեկան լարված մթնոլորտը տարիքային բոլոր փուլերում արգելակում է զարգացումը։ Դժվարանում է դասերի ժամանակ կենտրոնացման պրոցեսը։ Խախտվում է ապահովության զգացումը, երեխաները երբեմն զգում են մեղքի անտեղի զգացում ստեղծված իրավիճակի համար։ Ստացվում է՝ այն էներգիան և ժամանակը, որ պետք է ծախսվեին իր դասերի համար, ներդրվում են ընտանեկան իրադրությունը փոխելու մեջ։ Այնինչ ծնողների պարտավորությունն է ստեղծել հարաբերական հանգիստ տանը, որն իր հերթին կստեղծի պայմաններ երեխայի զարգացման համար։

 

Դեռահասները հաճախ կարող են կոպտել։ Դա առաջին հերթին խոսում է չհասկացվածության մասին։ Որպես կանոն, երեխան չի կարողանում ծնողներին ուղիղ ներկայացնել իր պահանջմունքները։ Նա դրանք ասում է տողատակերով, քողարկված ձևով և ենթատեքստերով պարուրված։ Անհրաժեշտ է դեռահասին  սովորեցնել պահանջմունքների մասին խոսել հնարավորինս ուղիղ։ Դրա համար հարկավոր է, որ ծնողներն էլ սովորեն իրենց պահանջմունքները ուղիղ բարձրաձայնել։

Դեռահասը կարող է կոպտել նաև այն դեպքում, երբ  ծնող-երեխա հարաբերություններում կան խռովություններ, որոնք նրա ներսում սպիերի պես մնացել են։ Տվյալ պարագայում կարելի է փոքրիկ խաղ կազմակերպել․ գրում ենք երեք խռովություն, որոնց մասին ես մոռացել եմ, բայց դու՝ ոչ։ Ե՛վ ծնողներն են գրում, և՛ երեխաները։ Ներսում պահածը բարձրաձայնելու դեպքում երեխաներն ավելի հանգիստ են դառնում, հավասարակշռված, կարծես մի մեծ բեռ ընկնում է նրանց ուսերից։             

 

 

 Շարունակելի 

 Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան