Ինչո՞վ է «ՏիկՏոկ»-ը վտանգավոր երեխաների համար և ի՞նչ սահմանափակումներ կիրառել․ հոգեբանի խորհուրդները

«ՏիկՏոկ» սոցիալական  հարթակը մեծ արագությամբ տարածվում ու էլ ավելի պոպուլյար է դառնում հասարակության շրջանում, և գաղտնիք չէ, որ օգտատերերի մեջ դպրոցահասակ երեխաները փոքրաթիվ չեն։

Դրանում համոզվելու համար կարող եք ներբեռնել հավելվածն ու մի քանի րոպե տրամադրել, թերթել Recommendations բաժինը:  Այդտեղ կտեսնեք և՛ հումորային, և՛ ուսուցողական տարրեր պարունակող հոլովակներ, միայն թե որոշ դեպքերում ժամանցային հոլովակները մտածելու տեղիք կտան: Ընդհանրապես արգելել բալիկներին նայել տիկտոկյան վիդեոներ, հնարավոր չէ, քանի որ նրանք կկարողանան գտնել նար զարտուղի ճանապարհներ ու գրանցվել հարթակում, շարունակել «գործունեությունը»: Ինչու՞ են նրանք գնում տվյալ քայլին և ո՞ր կողմից է պետք մոտենալ հարցին: Այս մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:

Նա ասում է, որ երեխաներն, առաջին հերթին, անում են դա զվարճանքի ու «նորաձևությունից դուրս չմնալու» համար: Բալիկները ձգտում են նոր հարթակներում շատ դիտումներ և հավանումներ ստանալ, ուշադրություն գրավել ու սիրվել: Երբեմն անգամ չեն կարևորում՝ ինչից են զրուցում և ինչ են տեղադրում, այլ միայն թրենդը: Շարժվում են կոնկրետ ուղղությամբ, իրենց կարծիքով՝ չանելու պարագայում դադարում են լինել թրենդային, հետ են մնում հասակակիցներից: Փոքրիկները, մեկ-երկու անգամ հարթակում գտնվելով, կարող են կախվածություն ձեռք բերել ու չկարողանալ դուրս գալ ցանցից: Դուրս գալու դեպքում էլ հնարավոր են վիճաբանություններ, ագրեսիվ վարքագիծ, հեռացում ուսումից: «Նշված խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ երեխաներն այլ զբաղմունքներ և հետաքրքրություններ չունեն, նրանց օրը, բացի դպրոցական դասաժամերից, ուրիշ բանով լցված չէ»,- շեշտում է մասնագետն, ապա ավելացնում՝ կան երեխաներ, որոնք ուզում են կրթական բաղադրիչ պատրաստել, ցույց տալ՝ ինչպես են իրենք կարողանում երկրաչափական պատկեր կառուցել, գրել կամ նկարել: Դրա շնորհիվ կարողանում են ինքնահաստատվել, ի ցույց դնել գիտելիքները, հետաքրքիր գաղափարներ հավաքել: Այսինքն՝ մեր գլխավոր խնդիրը տեսահոլովակի  բովանդակությունն է:

«Ծնողը կարող է խրախուսել երեխայի՝ ուսումնական տեսանյութեր անելը և համագործակցել երեխայի հետ: Առհասարակ, ծնող-երեխա հարաբերությունները պետք է բաց լինեն․ մայրը կամ հայրը քննադատաբար չպետք է մոտենա, փորձի բալիկի հետ դիտել, ընտրել բաղադրիչներն ու սահմանափակ ժամանակահատված սահմանել, թույլ տալուց հետո էլ պարբերաբար հետևի երեխայի գործողություններին: Պարտադիր է, որ ծնողը ներկայացնի կիբերանվտանգության կանոնները, բացատրի՝ անծանոթ մարդկանց հետ շփվելն ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ: Ասի, որ կասկածելի մեկնաբանություններ և հաղորդագրություններ տեսնելիս բալիկը կիսվի իր հետ, չվախենա, գաղտնի չպահի»,-  ընդգծում է Ապիտոնյանը:

Հոգեբանը հատուկ շեշտում է, կարևոր է, քանի որ հարթակում տարաբնույթ մարդիկ կան, երեխային գուցե ծաղրեն, բուլիինգի ենթարկեն, սպառնան ու շանտաժ անեն: Հոգեբանը հավելում է՝ վիդեոները և ուղիղ եթերները, որտեղ բլոգերները խոսում են ոչ հարիր բառապաշարով, խոսակցության ոչ մի նյութ չկա, միայն ցուցադրություն և դիտումներ հավաքելու նպատակ է հետապնդվում, անհրաժեշտ է ուղղակի  թույլ չտալ, որ բալիկը մեկ րոպե էլ դիտի: Նմանօրինակ տեսանյութերն, անշուշտ, կազդեն անհատի ներաշխարհի զարգացման վրա: Պետք է հաշվի առնել, որ նախադեռահասության, դեռահասության տարիքում երեխաները քիչ են լսում ծնողներին, ուստի դպրոցում էլ հարկավոր է հրամցնել այդ կարևոր տեղեկատվությունը, մասնավորապես՝ ինֆորմատիկայի դասաժամերին: 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան