Ինչու՞ է փոքրիկը դարձել ագրեսիվ և ինչպե՞ս հաղթահարել խնդիրը

«Երեխայիս հետ շփման եզրեր չեմ կարողանում գտնել, քանի որ դարձել է չափազանց ագրեսիվ, ինչպե՞ս վարվեմ»․ ծնողի տվյալ հարցը կարելի է բաժանել երեք մասի:

Առաջին մասում մայրը բարձրաձայնում է միջանձնային խնդիր՝ բողոք այն մասին, որ բալիկի հետ խոսելը չի ստացվում: Երկրորդ հատվածում նա մատնանշում է պատճառը․ ըստ նրա՝ խանգարում է միայն փոքրիկի ագրեսիվությունը: Երրորդ մասում խորհուրդ է հարցնում՝ սպասելով օգնություն դիմացինից: Երբ լուծման որևէ տարբերակ չենք գտնում, մասնագետից կամ այլ վստահելի մեկից խորհուրդ հարցնելը ճիշտ է: Միայն թե կա մի «բայց»: Արդյո՞ք ծնողը մինչ այդ վերլուծել է իր և երեխայի վարքը, փորձե՞լ է  գտնել ագրեսիայի աղբյուրը, ուշադրություն դարձրե՞լ է բալիկի տարիքային առանձնահատկություններին, ի՞նչ է կարծում՝ իր արգելքները մշտապես հիմնավորվա՞ծ են, առաջադրվող պահաջները չե՞ն խոչընդոտում փոքրիկի զարգացմանը: Այս ամենը քննարկելն անչափ կարևոր է, քանի որ պատասխանը հենց այդտեղ էլ թաքնված է լինում:

 

«Կտրուկ եմ դարձել, որովհետև․․․»․ հայացք երեխայի կողմից

 

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանն ասում է, որ ագրեսիայի դրսևորման պատճառ, նախ, կարող է լինել տարիքը: Օրինակ՝ մինչև հինգ տարեկան երեխաները սեփականատիրական նկրտումներից ելնելով են հիմնականում վիճում, սիրում են շեշտել՝ սա իմ տարածքն է, իմ խաղալիքն է, իմ հագուստն է: Դեռահասության շրջանում նրանց համար ագրեսիան դառնում է ինքնահաստատման գործիք: Տղաները  փորձում են ուժի միջոցով տիրույթ և դիրք գրավել  շրջապատում, հակված են ֆիզիկական ագրեսիային: Աղջիկները կիրառում են խոսքային ագրեսիա` զազրախոսում են, միմյանց մասին չարախոսում, շեշտակի պատասխաններ տալիս և չեն ենթարկվում: Ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների մոտ կա կռվելու հակում, սակայն նրանց մոտ դա տևում է ավելի կարճ:

Ագրեսիայի հաջորդ նախադրյալը ծնողի չհիմնավորված  «ոչ»-ն է: Մայրիկը կամ հայրիկը մերժում են, որովհետև այդպես հեշտ է, հարմար ու դարձել է սովորություն: Նրանք չեն գիտակցում, որ այդպես խանգարում են փոքրիկի  ինքնուրույնությանը և հմտությունների զարգացմանը: Երեխան նման դեպքերում սկսում է ագրեսիա ցուցաբերել՝ ցանկանալով պաշտպանել իր իրավունքները: Ծնողները պետք է ընդունեն, որ փոքրիկը ձգտելու է նմանվել մեծին ու միանգամից բացասական չընդունեն նույնականացման պրոցեսը: Սա անընդհատ մերժելով՝ ծնողը հակամարտության մեջ է մտնում բնական գործընթացի հետ: Հետևաբար, կարող է պասիվացնել երեխային, բերել նրան, որ երեխայի մոտիվացիան նվազի, ձգտումները ողջ կյանքի ընթացքում ուղեկցվեն վախի զգացումով:

Մանկական ագրեսիան կարող է սրվել հատկապես այն ժամանակ, երբ երեխան տեսնում է ծնողի նույն վարքագիծը: Եթե բալիկի վրա էլ են գոռում ու հարվածում նրան, նա իր հերթին սովորում է ֆիզիկական ու խոսքային հակազդում տալ:  Եթե ագրեսիվ դրսևորումները անընդհատ կրկնվեն, ագրեսիվությունը կդառնա կայուն հատկանիշ, կունենանք կամակորություն և նեգատիվիզմ, կձևավորվի ագրեսիվ անձ: Քանի որ  ագրեսիան ունի դեստրուկտիվ բնույթ, կարող է ազդել հարաբերությունների վրա, հնարավոր է՝ երեխան իրեր կոտրի, սկսի կանոններին չհետևել, վնասել գույքն ու իրեն:

Հավելենք, որ երեխան ագրեսիվ վարքագիծ կարող է ցուցաբերել հետևյալ դեպքում ևս․ մի քանի անգամ ագրեսիվություն է ցուցաբերել, ծնողն ընկրկել է, և երեխան հասկացել է` տվյալ միջոցով կարող է հասնել իր նպատակին: 

 

Ինչպե՞ս հաղթահարել մանկական ագրեսիան

 

Անհրաժեշտ է հարգանք դրսևորել երեխայի հանդեպ, նրան չհամեմատել ուրիշների հետ ու չնսեմացնել, չստեղծել իրավիճակներ, որոնք ինքնըստինքյան կառաջացնեն ուժեղ ագրեսիվ հակազդում: Ագրեսիան թուլացնելու համար պետք է երեխային զերծ պահել ագրեսիվ ինֆորմացիայից, որոնց թվում են որոշ մուլտերն ու խաղերը: Նրան պատժել պետք չէ: Ագրեսիվ երեխային պատժելը ոչնչի չի բերի,  ավելին՝ կմեծացնի ագրեսիայի չափաքանակը: Նրա հետ հարկավոր է խոսել հանգիստ տոնով` ագրեսիվ հակազդելու ցանկությունը նվազեցնելու համար: Վստահ կարող ենք ասել՝ երբ նա դիմացինից ստանա դրական հույզեր, ագրեսիան կնվազի: Ծնողը պետք է սովորեցնի երեխային ինչպես դուրս գալ այդ իրավիճակից և լուծել հարցերը: Ե՛վ  ագրեսիվ մեծահասակը, և՛ ագրեսիվ երեխան աջակցության կարիք ունեն: Նրանց ագրեսիան կարող ենք համարել օգնության ճիչ:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան