Առողջ սնվելու կանոններ երեխաների համար․ ի՞նչի մասին չպետք է մոռանան ծնողները

Փոքրիկները հաճախ քմահաճ են լինում սննդի ընտրության հարցում և չեն ցանկանում ուտել, իսկ հարազատները ստիպում են՝ ասելով․ «Մինչև չվերջացնես, սեղանից վեր չես կենալու»։ Երեխայի սննդին և ուտելու ռեժիմին հետևելն անպայման պետք է, բայց կան մեթոդներ, որոնցից հարկավոր է խուսափել։ Մի քանի կարևոր կետ, որոնք պետք է հիշել․

✓ Եթե երեխան հրաժարվում է ուտելուց, ապա հնարավոր է՝ զգում է հագեցվածություն: Նա այլևս քաղցած չէ և օրգանիզմից ստացել է ազդանշան՝ «բավական է»: Ստիպելով փոքրիկներին ավարտել ուտելը՝ խախտում ենք երեխայի շփումը սեփական մարմնի հետ, սովորեցնում անտեսել այդ ազդանշանները:

✓ Օրգանիզմի համար դժվար է աշխատել առանց ռեժիմի: Ուտելու ռեժիմի բացակայությունը միայն բացասաբար է անդրադառնում առողջության վրա: Կարծում եք՝ որտեղի՞ց է գալիս մեծահասակների այն սովորությունը, որ օրը մեկ անգամ են ուտում, մոռանում են կամ ուտելու ժամանակ չունեն: Կամ ինչու՞ են անընդհատ ուզում ինչ-որ բան ծամել: Սննդի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է մանկության տարիներին:

✓ Առողջ սննդակարգը պետք է լինի բազմազան: Երեխաների օրգանիզմը շատ դեպքերում չի ունենում վիտամիններ և հանքանյութեր, քանի որ նրանք ուտում են նույն բանը: Եթե նույնիսկ սնվում են ռեժիմով, բայց կրկնվող կերակուր են ընդունում, ապա որոշ ժամանակ անց օրգանիզմը սկսում է մերժել դա:

✓ Չի կարելի անընդհատ ուտել դրսից գնված, պատրաստի ուտելիքներ: Դրանք պարունակում են մեծաքանակ հավելումներ, անառողջ բաղադրիչներ, որոնց հարկավոր է ասել «ոչ»:

✓ Կարելի է երբեմն-երբեմն երեխային քաղցրավենիք տալ որպես մրցանակ, բայց դա սովորություն դարձնել չի կարելի: Նախևառաջ, քաղցրավենիքն ուտելիս թվում է՝ ուտելիքի կարիք էլ չունենք: Այնինչ, մենք միայն խաբում ենք մեր մարսողական համակարգին և զրկում օգտակարից:

✓ Ուտելու հետ կապված սովորությունները կարգավորելը մեկ շաբաթվա կամ նույնիսկ մեկ ամսվա խնդիր չէ: Այս հարցը պահանջում է համակարգված և մտածված աշխատանք․ հետևել ուտելու վատ սովորություններին, փոխարինել դրանք նպաստավորով, պլանավորել ցանկ, սահմանել սեղանի շուրջ և սեղանի սահմաններից դուրս ընդհանուր կանոններ ու կիրառել: Արդյունքն, անկասկած, կուրախացնի ձեզ: Դուք ձեզ ավելի լավ և առողջ կզգաք, ինչպես նաև կօգնեք ձեր երեխային ճիշտ վերաբերմունք ունենալ սննդի հանդեպ և սննդային առողջ սովորություններ ձևավորել: