«Իմ փոքրիկ»-ը զրուցել է քիթ-կոկորդ-ականջաբան Նարինե Առուշանյանի հետ:
Ցերեկվա և հատկապես գիշերվա ընթացքում շնչառության դժվարացումն ամենևին հաճելի երևույթ չէ: Դա խանգարում է առօրյա անելիքներով զբաղվելուն, թույլ չի տալիս երեխային լիարժեք հանգիստ զգալ ու կենտրոնանալ, հանդարտ քուն մտնել: Առհասարակ, քթային դժվարաշնչության պատճառներ կարող են լինել քթի կամ ըմպանի անատոմիական առանձնահատկությունները, լորձաթաղանթի գերաճը և այտուցը: Քնի ժամանակ, երբ մարմինը զբաղեցնում է հորիզոնական դիրք, թուլանում են փափուկ քիմքն ու ըմպանի մկանները, բարդանում է օդի հոսքն այտուցված լորձաթաղանթով և առաջ է բերում գիշերային դժվարաշնչություն:
Նման խնդիրն անուշադրության մատնել չի կարելի: Բացատրենք, թե ինչու: Նախևառաջ, քթային նորմալ շնչառությունը կարևոր է հոտառական զգացողությունների համար: Քթային շնչառության դեպքում օդը, անցնելով քթային անցուղիներով, խոնավանում է, խառնվում է հարակից խոռոչների տաք օդի հետ, վնասազերծվում է, ապա նոր հասնում քթըմպան ու բերանըմպան, որից հետո շնչափող և ապա բրոնխներ իդեալական վիճակում: Մինչդեռ բերանային շնչառության պարագայում ըմպանի լորձաթաղանթն ու կոկորդը վերցնում են ոչ պատշաճ խոնավացված, տաքացված օդը: Տվյալ վիճակը հղի է քրոնիկ խնդիրներով, որոնք կծագեն ըմպանում, կոկորդում, թոքերում: Բացի այդ, երկարատև քթային դժվարաշնչությունը կարող է երեխայի մոտ առաջացնել ծնոտի դեֆորմացիա, կծվածքի տարատեսակ խնդիրներ, բերել ֆիզիկական աճի դանդաղեցման, մտավոր ընդունակությունների նվազման: Քիչ չեն բարդությունները՝ պայմանավորված ականջի զանազան հիվանդություններով, որոնք բերում են լսողության իջեցման:
Դժվարաշնչության կոնկրետ պատճառի հայտնաբերումն իրականացվում է քիթ-կոկորդ-ականջաբանի օբյեկտիվ զննմամբ: Ժամանակակից դիագնոստիկան հնարավորություն է ընձեռում դիմել ճառագայթային և վիդեոֆիբրոսկոպիկ մեթոդներին, երբ միայն օբյեկտիվ զննումը բավարար չի լինում: Կախված ախտորոշումից՝ բուժումը կլինի կոնսերվատիվ, ֆիզիոթերապևտիկ, վիրաբուժական: Պետք է շեշտել, որ դժվարաշնչության դեպքում լայնորեն կիրառվում են անոթասեղմիչները: Քթային անոթասեղմիչներն արդյունավետ են ու անվտանգ, եթե օգտագործվում են կարճաժամկետ՝ ոչ ավել քան յոթ օր: Դրանք ընդհանուր նախատեսված են քթի լորձաթաղանթի այտուցը վերացնելու համար, օգտագործման նպատակով բժշկի ցուցում անհրաժեշտ չէ, սակայն նմանատիպ դեղորայքի չափից շատ կիրառումը բերում է կախվածության և դեղորայքային քթաբորբի զարգացման: Քթային հորմոնալ ցողաշիթերը, յուղային կաթիլները, հակաալերգիկ պատնեշային կաթիլները և այլ դեղորայքներ պետք է օգտագործել միայն այն մասնագետի ցուցմամբ, որը կատարում է ռինոսկոպիա (քթի խոռոչի, լորձաթաղանթի, քթըմպանի օբյեկտիվ զննում), ունի հնարավորություն գնահատելու լորձաթաղանթի գույնը, հաստությունը, անոթավորումը, օտար մարմնի առկայությունը կամ բացակայությունը, գոյացությունների առկայությունը կամ բացակայությունը:



