Որո՞նք են գրիպի մտահոգիչ ախտանշանները և ի՞նչ դեղամիջոց չի կարելի տալ երեխային

Երեխայի կոկորդի ցավը կարող է պայմանավորված լինել զանազան պատճառներով, որոնցից մեկը գրիպն է: Գրիպի պարագայում փոքրիկի մոտ կոկորդի ցավից զատ կհայտնվեն նաև այլ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, գլխացավը, մկանացավերը, հազը, փորլուծությունն ու փսխումը:

Գրիպը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություն է, հետևաբար անհրաժեշտ է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել ու պաշտպանվել դրանից: Երբ երեխայի մոտ նկատվում են նշաններ, ապա առաջին հերթին նա պետք է մնա տանը: Եթե բալիկը բժշկի վերահսկողությամբ բուժում է ստանում տանը, ապա հարկ է տալ նրան առատ հեղուկներ՝ ջուր, թեյ, հյութեր, ոչ քաղցր կոմպոտ: Կարևոր է հսկել մարմնի ջերմաստիճանը և ժամանակին տալ ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն: Բժիշկը կարող է նշանակել նաև այլ դեղեր: Երեխային չի կարելի տալ ասկոֆեն կամ ասպիրին:  Հարկավոր է մշտապես օդափոխել սենյակը, պահել փոքրիկին չափավոր տաք պայմաններում, պահպանել հիգիենայի կանոնները՝ հաճախակի լվանալ ձեռքերը հոսող ջրի տակ օճառով, փռշտալիս կամ հազալիս բերանը փակել միանվագ օգտագործման անձեռոցիկով, աշխատել հեռու պահել ձեռքերը երեսից, օգտագործած անձեռոցիկները միանգամից գցել աղբամանը:

 

Երեխային անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել հիվանդանոց, եթե վերը թվարկված նշաններին ավելանում են հետևյալները․

 

- քնկոտ կամ անգիտակից վիճակ

- չի կարողանում խմել կամ կուրծք ուտել

- եթե բալիկը երկու ամսականից փոքր է

- շարունակաբար հրաժարվում է հեղուկ խմելուց

- փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո

- ծանր ջրազրկում

- ցնցումներ

- հաճախացած/ դժվարացած շնչառություն, կապտուկ

- անսովոր գերգրգռված է

- փոքրիկն ունի որևէ այլ քրոնիկ հիվանդության սրացում  

 

Աղբյուրը՝ Առողջապահության նախարարություն