Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել երեխային դառնալ ինքնավստահ

Երեխաները սովորաբար կարևորություն են տալիս մտերիմների, շրջապատող մարդկանց կարծիքներին: Նրանց խոսքերը կարող են երեխային ամպերին հասցնել կամ հակառակը՝ թևաթափ անել:

Սա կարևոր է նաև այն դեպքում, երբ հարցն առնչվում է երեխայի արտաքին տեսքին: Ինչու՞ է պետք երեխայի հետ զգույշ խոսել, ինչպե՞ս քաջալերել նրան, սովորեցնել սիրել սեփական մարմինը:

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը նշում է, որ նման խնդիրներ ի հայտ են գալիս հատկապես դեռահասության շրջանում: «Սա այն ժամանակահատվածն է, երբ երեխան փորձում է գտնել իր տեղը, դիրքն ինչպես ընտանիքում, այնպես էլ՝ դպրոցում, հասակակիցների շրջանում: Ծագում է մրցակցություն: Յուրաքանչյուրը փորձում է ընդգծել իր առավելությունը մյուսի նկատմամբ՝ հոգեբանական տարածք գրավելու նպատակով»,- պարզաբանում է նա:

Հոգեբանի խոսքով՝ երբեմն ծնողները, հարազատները առավել շեշտում են երեխայի մարմնի կառուցվածքի բացասական կողմերը, իսկ դրական կողմերն՝ անտեսում: Ծնողն ասում է՝ «կեցվածքդ գեղեցիկ չէ, ձգտիր նրբագեղ քայլել»: Ծնողը նման արտահայտությամբ խորացնում է երեխայի թերարժեքության բարդույթը: Դրա համար պետք է հակառակն անել: Ասել՝ «շատ գեղեցիկ կազմվածք ունես, փորձիր այնպես քայլել, որ ավելի գեղեցիկ երևաս»: Նրա նշմամբ՝ դժվարությունը կարող է այն լինել, որ դեռահասը և՛ ցանկանա աչքի ընկնել, և՛ փախչի աչքի ընկնելուց, ամաչի: Արդյունքում էլ՝ մերժի օգնությունը:

«Երբ երեխայի մոտ հաճախակի են դառնում փոփոխական հույզերը, վարքագիծը սկսում է ենթարկվել հույզերին: Իսկ հույզերի ակտիվացումը հանգեցնում է նրան, որ տրամաբանական մտածողությունը, վերահսկողությունը թուլանում են: Հիշենք՝ այս պարագայում ինքնաքննադատություն, որը հիմնված կլինի օբյեկտիվ իրականության վրա, ձևավորված չէ: Ավելի շատ արտահայտվում են ինքնամեղադրանքը և քննադատությունը:

Հնարավոր է՝ երեխան ամեն ինչի համար իրեն մեղադրի, որի արդյունքում առաջանա ճգնաժամ: Եվ մյուս կողմից՝ մեղավոր համարի բոլորին, բացի իրենից»,- հավելում է Անի Ապիտոնյանը: Նա ընդգծում է՝ բալիկին բարդույթներից ազատելու հարցում էական դեր ունի ակտիվ ունկնդրումը: Այսինքն՝ ծնողը լսում է երեխային, սակայն քննադատություն չի հնչեցնում: Դա կարծես երեխայի մենախոսությունն է, որը կարող է երկար տևել և որի ընթացքում ծնողը կարող է ավելի լավ հասկանալ երեխայի խնդիրները: Կարևոր է, որ ծնողն այդ ժամանակը տրամադրի երեխային և չհակադարձի, քանի որ հակառակվելը կբերի երեխայի փակվելուն: Ծնողը պետք է զինվի համբերությամբ, քանի որ բալիկը «փշոտ» է ու զգայուն ցանկացած քննադատության նկատմամբ:

«Շատ կարևոր է երեխայի համար հիգիենայի պարագաներ գնելը: Օրինակ՝ դեմքը մաքրող կրեմներ, լոգանքի գելեր, տղաների համար էլ՝ տղամարդու համար նախատեսված պարագաներ: Սա պետք է, որպեսզի այդ հաճելի հոտերը, գեղեցիկ տուփերը երեխայի մոտ ցանկություն առաջացնեն խնամել իրեն: Սրանք կարելի է գնել հենց նրա հետ: Դեմքի հետ կապված խնդիրների առաջացման դեպքում նշել՝ «դա տարիքային է, գնանք քսուքներ գնենք, կլվանաս ու կանցի»: Կարելի է երեխայի համար վարսավիր ընտրել, տանել մատնահարդարի մոտ: Կատարում ենք եղունգների մշակում, որ դրանք ավելի կոկիկ դառնան: Մարմինը սիրելու տաբերակներից մեկն էլ սպորտի գնալն է: Սպորտով զբաղվելիս արյան շրջանառության լավացումը, մկանների ուժեղացումը նպաստում են, որ երեխան ավելի շուտ ընդունի իր մարմինը»,- ասում է հոգեբանը:

Անի Ապիտոնյանը խորհուրդ է տալիս ժպտալ՝ սեփական անձին ուղղված քննադատություն լսելիս: Պետք է հանգիստ արձագանքել, նույնիսկ՝ կատակել: Ասել, որ գիտենք այդ մասին, բոլորն էլ ունեն թերություններ: Սա ոչ միայն պաշտպանական ռեակցիա կլինի, այլև կհասկացնենք դիմացինին՝ չի կարելի նման խոսքեր ասել: Պետք է ընդունել սեփական թերություններն ու հարկ եղած դեպքում աշխատել դրանց վրա:

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան