Ընթերցանության հանդեպ սերը դուռ է բացում արկածների, նոր բաներ սովորելու և մի շարք հիմնական լեզվական հմտություններ սովորելու գործում, նպաստում է խոսքի և բառապաշարի զարգացմանը:
Համատեղ ընթերցանությունն անմոռանալի պահեր է ստեղծում փոքրիկի հետ մտերմանալու և միմյանց ընկերակցությունը վայելելու համար: Գրքի հետ օրական ընդամենը 10-15 րոպեն բավական է հետաքրքրասեր բալիկի մեջ ավելին իմանալու ցանկությունը խորացնելու համար:
Սկսեք հենց հիմա
Նորածնի համար կարդալը կյանքի լավագույն սկիզբը տալու գրավականն է: Երեխաները լեզուն սովորում են մեծահասակներից, որոնք բառերը կրկնում և կարդում են իրենց համար: Երբ կարդում եք ձեր փոքրիկի համար, խոսեք գրքի կերպարների և առարկաների կամ այն հնչյունների մասին, որ կենդանիներին են բնորոշ: Ձեր ձայնը լսելը օգնում է իմաստ հաղորդել այն տառերին և նկարներին, որոնք նրանք տեսնում են: Ընթերցելիս ձայնի տարբեր բարձրություն ու տոնայնություն օգտագործեք, կիրառեք տարբերվող առոգանություն կամ ձայն: Սա օգնում է երեխային ներգրավված պահել, և պատմությունը դարձնել առավել պատկերավոր:
Հիշե՛ք, որ երեխաները կապվում են գրքերին կարդալ սովորելուց շատ ժամանակ առաջ: Վաղ հասակում գրքերով զբաղվելը կօգնի երեխաներին ավելի մեծ հաճույք ստանալ, երբ մեծանան:
Ձեր օրինակով ցույց տվեք, թե ինչ է ասել լավ ընթերցող
Կարևոր է, որ երեխան կարդալը դիտարկի որպես զվարճալի և հաճելի զբաղմունք, այլ ոչ թե դժվար գործ: Կա՞ արդյոք ավելի լավ միջոց դա ցույց տալու համար, քան սեփական օրինակը։ Եթե ձեր երեխաները տեսնում են, որ դուք հաճախ եք կարդում, ապա, ամենայն հավանականությամբ, նրանց դա կխրախուսի: Նաև կնպաստի ժամանակը էկրաններից հեռու անցկացնելուն: Եթե որոշ ժամանակ գիրք չեք կարդացել, գրախանութների աշխատակիցները կարող են հրաշալի խորհուրդներ տալ ձեր և ձեր երեխայի համար լավագույն գրքերը ընտրելու հարցում: Բարեկամներն ու ընկերները նույնպես կարող են օգնել: Հարցրեք նրանց իրենց երեխաների սիրած գրքերի և միասին ընթերցելու փորձի մասին: Դուք նույնիսկ կարող եք ձեր փոքրիկի հետ գնալ գրախանութ, և դա դարձնել հատուկ ուղևորություն:
Հերթ պահեք
Երբ ձեր երեխան մեծանա, սկսեք հերթով բարձրաձայն կարդալ միմյանց համար: Եթե բալիկը վաղ է սկսել ընթերցել, կարող եք խնդրել նրան ցույց տալ իր ճանաչած տառերն ու բառերը: Հետո հերթով նախադասություններ կարդացեք: Նրա ունակությունների զարգացման հետ մեկտեղ, դուք կարող եք հերթով էջեր կարդալ և, ի վերջո, գլուխներ: Երբ միասին կարդում եք, հարցեր տվեք ձեր կարդացածի վերաբերյալ. «Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի հետո»: «Ըստ քեզ՝ ինչո՞ւ փիղն այդպես արեց»: Այն ժամանակը, որը դուք անց եք կացնում միմյանց համար բարձրաձայն ընթերցելու վրա, կօգնի լավացնել վստահ խոսելու հմտությունը և կամրապնդի փոքրիկի սերտածը:
Լսե՛ք երեխային
Ուշադրությու՛ն դարձրեք փոքրիկի հետաքրքրություններին: Եթե նրան ձգում է որոշակի թեմա, ինչպես, օրինակ, դինոզավրերը, փորձեք գտնել մանկական գրքեր այդ թեմայով: Սա կօգնի համոզել երեխային, որ գրքերը գործիքներ են՝ մեզ հետաքրքրող բաների մասին ավելին իմանալու համար, և նա, ամենայն հավանականությամբ, կկարդա, եթե թեման իր ամենասիրելի դինոզավրի մասին է:
Մի՛ անհանգստացեք, եթե ձեր երեխաները դեռ չեն կարդում Աչեբե կամ Դոստոևսկի. գլխավորն այն է, որ նրանք կարդում են: Եթե նրանք այժմ միայն կոմիքսներ են կարդում, դա նորմալ է: Կոմիքսներն ու գրաֆիկական վեպերը նույնպես ընթերցելու հնարավորություն են: Դուք կարող եք խրախուսել նրանց այլ ընթերցանության նյութերով, բայց կարիք չկա ստիպելու, եթե նրանք այդ պահին հակված չեն ընկալելու ձեր ասածը:
Դարձրեք այն առօրյա գործողություն
Կարդալը ձեր երեխայի կյանքի հաճելի սովորություն դարձնելը սկսվում է գրքերը ձեր առօրյա կյանքում ներառելուց: Կարդալուն հատուկ ժամանակ տրամադրեք քնելուց առաջ կամ երբ հասարակական տրանսպորտում եք: Մինչ միասին եք, համոզվեք, որ շեղող բաներ քիչ կան, ինչպիսիք են բջջային հեռախոսները և հեռուստացույցը: Սա ձեր՝ միասին լինելու ժամանակն է:
Ընթերցանությունից հաճույք ստանալ սովորելուն նպաստում է տանը գրքերի շուրջ լինելը: Հնարավորության դեպքում փորձեք գրքերի հավաքածու ստեղծել երեխաների համար: Պարտադիր չէ, որ այն ծավալուն լինի: Փոքր գրադարանը կարող է նույն գործն անել:
Գիրք-քննարկումների համար դիմեք մոտակա գրադարանին, եթե հասանելի գրադարան կա մոտակայքում: Այս հանդիպումները կարող են հիանալի միջոց լինել երեխայի համար` գրքերից հաճույք ստանալու և միևնույն ժամանակ այլ երեխաների հետ շփվելու գործում: Կարող եք մտածել ընկերների և նրանց երեխաների հետ գրքի փոքրիկ ակումբ ստեղծելու մասին:
Ընթերցանության նշաձողեր
Չնայած յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, կան որոշ կարևորագույն նշաձողեր, որոնք կարող եք նկատել երեխայի ընթերցանության հմտությունների զարգացման ընթացքում.
Ծննդից մինչև 18 ամսական
- Հասկանում է մի քանի պարզ արտահայտություններ
- Նայում է գրքերին և փորձում էջեր թերթել
- Ընդօրինակում է խոսքը
- Մոտ 1 տարեկանում կարող է ասել մեկ կամ մի քանի բառ
18 ամսականից մինչև 3 տարի
- Կարող է ասել 250 - 350 բառ մոտ 2 տարեկանում և 800 - 1000 բառ մոտ 3 տարեկանում
- Հաճույքով լսում է ծանոթ պատմություններ
- Սիրված գրքից կրկնվող արտահայտություններ է ասում
- Ընդօրինակում է խոսող մեծահասակների ձայնը:
- Խնդրում է, որ կարդաք իր համար
3 - 5 տարեկանում
- Ճնաչում է ծանոթ տառերը և փորձում գրել դրանք
- Ճիշտ է պահում գիրքը և թերթում է էջերը
- Առանձնացնում է հանգավոր բառեր
- Ազատորեն օգտագործում է նախադասությունները
- Սովորում է բարձրաձայն կարդացած գրքերից
Աղբյուրը՝ Babycef.am



