Ի՞նչ հմտություններ պետք է ունենա 7 ամսական երեխան

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժ Արփինե Հովակիմյանի հետ։

«Տվեք ինձ անիվներով խաղալիքներ և գնդակներ, որպեսզի հրեմ դրանք, գլորեմ սենյակում ու սողամ»․ յոթ ամսական փոքրիկը բառացիորեն չի կարող ասել սա ծնողներին, բայց այն նրա օրակարգի պարտադիր բաղադրիչը պետք է կազմի։ Նախքան սողալը երեխան փորձելու է անգամ առանց մայրիկի ու հայրիկի աջակցության նստել, որի ժամանակ հարկավոր է նրա կողքին գտնվել, ընկնելու պարագայում բարձրացնել ու օգտագործել բարձեր՝ օգնելու նպատակով։ Յոթ ամսականում բալիկը ցանկանալու է անընդհատ ուսումնասիրել իրեն շրջապատող մարդկանց ու առարկաները, տեսնելու է բոլոր գույներն ու  ծափ է տալու։  Երեխայի առաջին ծափը, ձեռքերն իրար միացնելու ունակությունը նշանակում է, որ նա զարգացնում է ձեռքի և աչքի համակարգումը, նուրբ շարժիչ հմտությունները, որոնք, ի վերջո, թույլ կտան նրան բռնել տարատեսակ իրեր՝ մատիտ, գդալ, սրվակ: Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ հիմնականում տվյալ տարիքային փուլում է երեխայի մոտ սկսվում բաժանման անհանգստությունը: Այսինքն՝ մայրիկը պետք է  ընդհանրապես չզարմանա, եթե փոքրիկը լաց լինի և անվերջ կառչի իրենից:

Ընդհանուր առմամբ, 6-9 ամսականում երեխայի աճի տեմպերը դանդաղում են, և դա մասամբ պայմանավորված է նրանով, որ ակտիվ երեխան ավելի շատ էներգիա է ծախսում։ Յոթ ամսական բալիկին պետք է առաջարկել համերի լայն տեսականի, նոր մթերքները ներմուծել մեկ առ մեկ և 3-5 օր տալ՝ հնարավոր սննդային ալերգիաները բացահայտելու համար: Անհրաժեշտ է փոքրիկին տալ մրգեր, երկաթով հարստացված սննդամթերք՝ հավի միս, ձու, բրոկկոլի: Այս ամենին զուգահեռ փոքրիկի արտաթորանքը կարող է պինդ դառնալ, փոխել գույնը, ինչի առթիվ անհանգստանալ պետք չէ: Բայց եթե երեխայի կղանքը չափազանց թուլացած է, ջրային կամ լի լորձով, հարկավոր է խոսել մանկաբույժի հետ:

Յոթ ամսականում երեխային դեռևս պետք է 12-16 ժամ քուն (գիշերն ու ցերեկը՝ միասին): Որոշ երեխաներ կարող են ունենալ քնի հետընթաց բաժանման անհանգստության և զարգացման այլ փոփոխությունների պատճառով: Նրանք գուցե քնելուց առաջ այնքան զբաղված լինեն նոր հմտությունների վրա աշխատելով, որ չցանկանան քնել կամ արթնանան կեսգիշերին: Նման դեպքերում պետք կլինի կիրառել քնի ծես, համոզվել՝ երեխան ապահով է քնում, օրորոցն անվտանգ է: