Հնդկահավի մսով և ծաղկակաղամբով խյուս 6-12 ամսականների համար

6-7 ամսականում փոքրիկին կարելի է առաջարկել մի փոքր հնդկահավի միս։ Այն դիետիկ է, օժտված է ցածր կալորիականությամբ, պարունակում է նվազ քանակությամբ ճարպեր և խոլեստերին:

Հարուստ է սպիտակուցներով ու հանքանյութերով, օրգանիզմին ապահովում է վիտամին B3-ով: Այս վիտամինի պակասը կարող է հանգեցնել ավիտամինոզի, ուղեղի գործունեության խաթարման, նյարդային և հոգեկան խանգարումների, ինտելեկտի մակարդակի ընդհանուր անկման։ Հնդկահավի մսում առկա են յոդ, ցինկ, կալիում, նատրիում, երկաթ, սելեն։ Սելենը նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը և պայմանավորում վահանաձև գեղձի ճիշտ զարգացմումն ու աշխատանքը, իսկ երկաթը՝ կանխում սակավարյունության առաջացումը։ Հնդկահավի կրծքամիսը խոլինի (վիտամին B4) ահռելի աղբյուր է։ Խոլինը լեցիտինի հետ նպաստում է ճարպերի քայքայմանը, կարգավորում է ինսուլինի մակարդակն արյան մեջ, բարելավում է ածխաջրերի նյութափոխանակությունն ու նպաստում կարևոր ամինաթթուների սինթեզին։ Հնդկահավի միսը հիպոալերգեն է և հեշտությամբ մարսվում է երեխայի օրգանիզմի կողմից։ Այնպես որ եկեք վերցնենք  30 գ հնդկահավի միս և մեկ փոքր փունջ ծաղկակաղամբ ու պատրաստենք խյուս։

 

Պատրաստման եղանակը

Հնդկահավի կրծքամիսը եփեք մոտ 40-50 րոպե։ Այնուհետև հանեք կաթսայի միջից և բլենդերով հարեք։ Արգանակը չեք օգտագործելու: Ծաղկակաղամբը կտրատում եք խորանարդաձև և շոգեխաշում: Եփված պատրաստի ծաղկաղամբը ևս հարում եք: Երկուսը խառնում եք իրար և ավելացնում կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ։

  

Բարի ախորժակ