Մայրիկը կարո՞ղ է մածուն ուտել, եթե փոքրիկն ալերգիկ է․ մասնագետի պատասխանը

Մայրիկները, որոնց փոքրիկներն ալերգիկ են, հաճախ հետաքրքրվում են՝ կարո՞ղ են իրենք ուտել այս կամ այն սնունդը, դա իսկապե՞ս կազդի երեխայի վրա, ե՞րբ կարող են փորձել: Հարցեր առաջացնող մթերքներից մեկն էլ հանդիսանում է մածունը: Մածունի հետ կապված հանգամանքներն «Իմ փոքրիկ»-ը պարզաբանել է կրծքով կերակրման մասնագետ, նեոնատոլոգ Աննա Տոնիկյանի օգնությամբ:

Մասնագետի խոսքով՝ մածունը կաթնամթերք է, իսկ, առհասարակ, կաթը և կաթնամթերքի մյուս տեսակներն ընդգրկվում են սննդային սուր ալերգիա առաջ բերող ուտելիքների ցանկում:  Հետևաբար, այո, մածունը կարող է ալերգիայի աղբյուր դառնալ։ Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ պետք է խուսափել տվյալ մթերքներն օգտագործելուց:  Ընդհակառակը` որքան շուտ դրանք մուտք արվեն սննդակարգ, այնքան լավ: Մայրիկը կարող է քիչ քանակով փորձել, որից հետո 2-3 օր հետևի երեխայի վիճակին: Եթե նկատվի որևէ ռեակցիա, ապա երկու շաբաթ չի օգտագործում այդ մթերքը, ինչից հետո նորից քիչ քանակով փորձում է։