Կատուն
Շունը տունն էր հավաքում,
Այծը՝ սրինգ նվագում,
Փոքրիկ մեղուն ծառի տակ
Նորոգում էր մի փեթակ,
Կատուն՝ թողած բան ու գործ,
Շտապում էր խոհանոց:
{mprestriction ids="1,3"}
Գառնուկը
Ա՛յ իմ գառնուկ,
Խելոք ու հեզ,
Դու քանի՞ պարկ
Բուրդ կտաս մեզ:
- Ձեզ բուրդ կտամ՝
Ինչքան կուզեք,
Բայց թե հիմա
Ինձ մի՛ խուզեք:
Հսկան
Կար մի հսկա մեր գյուղում,
Շատ էր սիրում կերուխում:
Ախ, անիծվեր այդ օրը,
Կրակն ընկել էր փորը,
Կուլ էր տվել մեր հսկան
Մի չաղլիկ մուկ ճստճստան,
Մուկն էլ սոված ու ծարավ՝
Կուշտ փորի մեջ քեֆ արավ:
Հսկան ցավից մղկտաց
Ու բժշկի մոտ գնաց:
- Մի տրտնջա այդքան խիստ, -
Ասաց բժիշկը հանգիստ, -
Թե որ կուլ տաս մի կատու՝
Կառողջանաս իսկույն դու:
Մոմը
Նա մի քնքուշ
Աղջիկ է,
Հագին ճերմակ
Շապիկ է,
Քիթը կարմիր
Ծաղիկ է:
Ինչքան գիշերն
Երկարի.
Այնքան արագ
Կմարի
Ճերմակ աղջիկն
Այդ բարի:
Փոքրիկ զրույց
Տիկին բադը փողոցում
Մայր հավի հետ էր խոսում,
Հազար ու մի հարցի շուրջ
Խոսում էին նրանք լուրջ:
Նրանց խոսքից հասկացա
Միայն կո՛-կո ու ղա՜-ղա՜:
Մածունը
Մի օր մածուն տարա շուկա,
Օրը պարզ էր, արև,
Ինձ մոտեցավ մի պառավ կին,
Ասաց՝ բարև՛, բարև՛:
Ես ասացի՝ բարև՛, բարև՛,
Նա էլ ասաց՝ բարև՛,
Ես ասացի՝ բարև՛, բարև՛,
Նա էլ ասաց՝ բարև՛:
Թթվեց մածունն ամանի մեջ,
Կորավ լույս ու արև,
Բայց դեռ իրար ասում էինք՝
Բարև՛, բարև՛, բարև՛:
Կատվի ձագերը
Երեք փոքրիկ կատուներ
Մի օր տնից դուրս եկան,
Ոչ ման գալու գնացին,
Ոչ էլ խանութը՝ ձկան:
Նրանք տնից դուրս եկան,
Որ գտնեին կովի կաթ,
Եվ կովի կաթը գտան
Ձագուկները չալ ճակատ:
Իսկ որտեղի՞ց կաթն անուշ
Կատվի ձագերը գտան:
Գտան՝ երբ որ մեր բակի
Մանկապարտեզը մտան:
Ուլիկը
Մեր ուլիկը կուշտ արածել,
Հանդից տուն էր վերադարձել,
Էլ անելու ոչինչ չուներ,
Բակում նստել, որոճում էր:
Այդ որ տեսավ փոքրիկ Կամոն
Կանչեց տատին՝ ծամո'ն,ծամո'ն,
Տե'ս ուլիկին... բա ի'նձ, բա ի'նձ...
Տատի, ասա կեսը տա ինձ:
-Վայ, բալիկ ջան, լաց մի լինի,
Մեր ուլիկը ծամոն չունի,
Կերած խոտը մանրում է նա,
Որ հեշտ մարսի, հեշտ կուլ գնա.
Եվ զարմացած քեզ է լսում,
Թե այս խենթուկն ի՞նչ է ասում:
Ծիածան
- Ծիածա'ն, ա'յ ծիածան,
Դու գույների կոր արձան,
Այդ գույները յոթնածիր
Ինչպե՞ս իրար միացան:
- Անձրևի պաղ ցողերը,
Կաթիլների կողերը
Ջերմ արևից տաքացան,
Դարձան չքնաղ ծիածան,
Երկու սարի արանքում
Կամարվեցին երկնքում:
- Ծիածա'ն, ա'յ ծիածան,
Երանգների կոր արձան,
Ո՞նց են, ասա', քեզ ներկում,
Որ երկնքից չեն ընկնում:
- Ծիածանը չեն ներկում,
Նա ծնվում է ներկերում:
{/mprestriction}



