ՏԻԿՆԻԿԸ
Տիկնիկ ունեմ՝ ծաղրածու է,
Քիթը՝ հավի ներկած ձու է,
Հագնում է նա փքված մի շոր,
Կոշիկներն են խոշո՜ր, խոշո՜ր։
Երբ նրա հետ ես խաղում եմ՝
Ուրախ-ուրախ ծիծաղում եմ։
ՓՈՔՐԻԿ ԶՐՈՒՅՑ
Տիկին բադը փողոցում
Մայր հավի հետ էր խոսում,
Հազար ու մի հարցի շուրջ
Խոսում էին նրանք լուրջ:
Նրանց խոսքից հասկացա
Միայն կո՛-կո ու ղա՜-ղա՜:
ԲԱՐև
Արև, շող տուր ու ժպտա,
Տերև, ցող տուր ու ժպտա,
Ծիտիկ, երգ տուր ու ժպտա,
Ծաղիկ, բույր տուր ու ժպտա,
Ւմ Դավիթը քունն առնի,
Աչքը բացի ու զարթնի,
Զարթնի , ասի,
- Ա- տա-տա...
Ու բոլորիդ բարև տա։
ԿԱՏՎԻ ՁԱԳԵՐԸ
Երեք փոքրիկ կատուներ
Մի օր տնից դուրս եկան,
Ոչ ման գալու գնացին,
Ոչ էլ խանութը՝ ձկան:
Նրանք տնից դուրս եկան,
Որ գտնեին կովի կաթ,
Եվ կովի կաթը գտան
Ձագուկները չալ ճակատ:
Իսկ որտեղի՞ց կաթն անուշ
Կատվի ձագերը գտան:
Գտան՝ երբ որ մեր բակի
Մանկապարտեզը մտան:
ԵՂԵՎՆԻ
Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին...
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով։
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր։
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին։
ԳՐԻՉ
Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին
Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,
Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես։
ՓՈՔՐԻԿԻ ԽՐԱՏԸ
Այ ժամացույց, ժամացույց,
Դու չե՞ս հոգնում խոսելուց,
Մի բերան հենց`տիկ, հա տիկ...
Բա դու չունե՞ս մի տատիկ,
Որ քեզ ասի.
- Սուս արա,
Գլուխներս դու տարար:
Հերիք խոսես ու շարժես
Սլաքներ ու ճոճանակ,
Քո չափ թե որ ես խոսեմ,
Տատն ինձ կասի.
- Չաչանակ:
ԲԿԼԻԿ ՁԿՆԻԿԸ
Ձկնի'կ, լո'ղ տուր, լո'ղ արա,
Դրսի որսը թո'ղ արա.
Իջի'ր ջրի հատակը,
Մինչև անցնի վտանգը:
Տե՜ս, փորձանք կա քո գլխին,
Մի լավ մտիկ երեխին,
Որդ է խփել իր կարթին,
Չմոտենաս էդ որդին:
Ինձ չլսեց բկլիկը,
Հո'պ, կուլ տվեց նա որդը,
Կարթը մնաց կոկորդը:
ԱՇՈՒՆ
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բույն։
ԾԱՓԻԿ
Ծափիկ, ծափիկ, ծափ անեմ,
Ւջնեմ բակում խաղ անեմ,
Մի փունջ ծաղիկ հավաքեմ,
Բերեմ մայրիկիս նվիրեմ։
ԾԱՂԻԿՆԵՐԸ
― Ո՞ւր գնացին ծաղիկները․․․
― Սու՜ս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն ծածկոցով սպիտակ:
Կգա գարնան արևն էլ հետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի:
«Ելե՛ք,― կասի,― իմ մանուկնե՛ր»
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան:
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարդզին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
ՄԵ՞Ծ ԵՄ, ԹԵ՞ ՓՈՔՐԻԿ
Երբ ձեռքերս չեմ լվանում,
Ինձ ասում են` լվացվի՛ր,
Մեծը երբեք չի ծուլանում,
Արդեն մեծ ես, իմացի՛ր:
Թե քույրիկս թատրոն գնա,
Ինչքան խնդրեմ` չի տանի.
Ինձ կասի` դու տանը մնա,
Փոքրիկ ես դեռ` չեն թողնի:
Հենց որ ժամը ութն է լինում,
Ինձ ասում են` քնիր շուտ,
Փոքրիկները շուտ են քնում,
Տես` դրսում ինչ մութ է, մութ...
Մեկն ասում է` մեծ ես արդեն,
Մեկն ասում է` փոքր ես շատ.
Մե՞ծ եմ, ասե՛ք, թե՞ փոքր եմ դեռ.
Ո՞նց իմանամ ես հաստատ...
ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ
Փիսիկը նստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում:
Մոտիկ է գալիս
Մի ուրիշ կատու.
- Ինչո՞ւ ես լալիս
Ա՛յ փիսիկ ջան, դու...
- Ի՞նչ անեմ հապա,
Որ լաց չլինեմ.-
Գանգատ է անում
Փիսոն տխրադեմ:-
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ,
Գնաց տատի մոտ՝
Ինձ վրա դրավ:
Հիմի տատիկի
Ետևից ընկած՝
Ինձ են ման գալի
Մի-մի փետ առած,
Քոթոթ Սուրենը
Անոն ու Մոսոն
Ու՛ր է, ասում են,
Ուր է գող փիսոն,
Ա՛խ, թե մի գտանք,
Մածուն ցույց կտանք:
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ.
Ու փիսոն նստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
ու լաց է լինում:
ԿԱՐԾՈՒՄ ԵՔ, ԹԵ ԿԱՏԱ՞Կ Է
Այսօր ուրիշ է կարգը,
Ե´ս եմ մաքրել հատակը:
Վա´յ, վա´յ, վա´յ, ի՞նչ արիք,
Սենյակ ինչո՞ւ ոտք դրիք:
Տեղներումդ քարացե´ք,
Նորից շարժվել չփորձե´ք:
Ջուր չխմեք`
Կկաթի:
Հաց-մաց չուտեք`
Կթափվի:
Լուսամուտը չբացե´ք,
Փոշի կգա, իմացե´ք:
Ոչ ոք ուժեղ չշնչի,
Թե չէ` փայլը կկորչի:
Ի´նչ է, մաքրել հատակը,
Կարծում եք, թե կատա՞կ է...